Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան թերթը՝ հայաստանյան ընտրությունների մասին


«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթն այսօր վերլուծել է խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանում ստեղծված իրավիճակը:

«Այս պահին առաջատարներից է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը խաղում է ընդդիմության դաշտում, թեեւ այդ քաղաքական նախագիծը հասարակական կարծիքը վերագրում է իշխանություններին եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանին: Փորձագետների կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանը չի հավակնում նախագահի պաշտոնին», - գրում է թերթը:

«Երկրորդ տեղում է Հանրապետական կուսակցությունը: Այն, ըստ էության, երկու առաջնորդ ունի՝ Անդրանիկ Մարգարյան եւ Սերժ Սարգսյան, որը, հավանաբար, նախագահի պաշտոնի ամենաիրական հավակնորդն է», - փաստում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

«Նախագահական հավակնություններ ունի Արթուր Բաղդասարյանը, որը սեփական ռեսուրսների սակավության պատճառով հայցում է արտասահմանի աջակցությունը: Բաղդասարյանի վերջին հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ Արեւմուտքը նրան դիտում է որպես հավանական «նարնջագույն» առաջնորդներից մեկը», - նշում է հեղինակը:

«Արտաշես Գեղամյանն առաջ ռուսամետ էր, բայց հետո փոխեց դիրքորոշումը եւ դարձավ արեւմտամետ: Սակայն նա կոնյունկտուրային մարդ է եւ անհրաժեշտության դեպքում կարող է կրկին հակառակ դիրքորոշումը որդեգրել», - կարծիք է հայտնում հոդվածագիրը:

«Ստեփան Դեմիրճյանի գլխավոր կապիտալը՝ նրա հոր մասին հիշողություններն են: Ինքը վառ եւ ուժեղ դեմք չէ», - գրում է ռուսաստանյան թերթը:

«Բացի նշվածներից, կան մոտ 20 այլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնց վարկանիշը 1 տոկոսի սահմաններում է: Առանձին-առանձին նրանք քիչ բան կարող են անել, սակայն միասին որոշակի համապատկեր են կազմում հիմնական հավակնորդների պայքարի համար», - եզրափակում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG