Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը «խորը հիասթափությամբ» է ընդունել Արամ Համբարյանի հայտարարությունը


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը «խորը հիասթափությամբ» է ընդունել Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովի (Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանի` երեքշաբթի օրը Երեւանում արած հայտարարությունը:

«Նրա ասածը իրականության դիտավորյալ աղավաղում էր, որը տեղ չի կարող զբաղեցնել քաղաքականության տարբերությունների մասին լուրջ քննարկումներում», - ասված է դեսպանատան` այսօր տարածած հաղորդագրությունում: - «Պարոն Համբարյանի ասածները տեղին չէին հատկապես այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը արդեն խոսել էր դեսպան Հոգլանդի հետ աշխատելու իր պատրաստակամության մասին»:

«Թե դեսպան Հոգլանդը եւ թե վարչախումբը երբեւէ չեն ժխտել 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը եւ տեղահանումը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության վերջին տարիներին», - հայտարարում է ամերիկյան դեսպանատունը` հիշեցնելով անցյալ տարվա հունիսի 28-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած բաց լսման ժամանակ Ռիչարդ Հոգլանդի հետեւյալ խոսքերը. - «Վարչախմբից որեւէ մեկը երբեւէ չի ժխտել այդ իրադարձությունները»:

Համաձայն հաղորդագրության, Ռիչարդ Հոգլանդը «խորությամբ ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի պատմությունը»:

«Այնուամենայնիվ, վարչախումբը, հետեւաբար նաեւ դեսպանի թեկնածու Հոգլանդը չեն օգտագործում «ցեղասպանություն» բառը` նկարագրելու այս իրադարձությունները», - ասված է ամերիկյան դեսպանատան հաղորդագրությունում:

Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ Արամ Համբարյանը ասել էր, մասնավորապես, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը «հստակ չի ասում, որ ցեղասպանություն չի եղել, բայց չի էլ ասում, թե եղել է»: Այդ անորոշությանը դեմ գնալու եւ Հայոց ցեղասպանությունը հստակորեն ճանաչելու համար էլ, ըստ Համբարյանի, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Էվանսը հետ կանչվեց:

«Թե Էվանսը եւ թե Հոգլանդը դուրս եկան ԱՄՆ-ի քաղաքականության շրջանակներից. առաջինը հստակ ասաց, թե ցեղասպանությունը եղել է, իսկ երկրորդը հայտարարեց, թե չի եղել: Սակայն դրա համար Էվանսին հետ կանչեցին, մինչդեռ Հոգլանդին ցանկանում են նշանակել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան», - հայտարարել էր Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի` Ջոն Էվանսի հետկանչից հետո թափուր մնացած պաշտոնում Սպիտակ տունը առաջարկում է Տաջիկստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Ջորջ Բուշը երկու անգամ Հոգլանդին ներկայացրել է Սենատի հաստատմանը, սակայն երկու անգամ էլ` անցած տարվա սեպտեմբերին եւ այս տարվա հունվարին, սենատոր Ռոբերտ Մենենդեսը արգելափակել է տվյալ թեկնածության քննարկումը Սենատի լիագումար նիստում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG