Մատչելիության հղումներ

Հենրի Օբերինգ. «Մենք Կովկասի երկրներից որեւէ մեկին չենք դիմել ռադար տեղակայելու խնդրանքով»


«Մենք Կովկասի երկրներից որեւէ մեկին չենք դիմել ռադար տեղակայելու խնդրանքով», - Կիեւում վարած բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը:

Նա ասել է, որ պաշտպանությունը ուժեղացնելու, Իրանի հնարավոր վտանգից պաշտպանվելու համար ուսումնասիրել են Իրանից դեպի Եվրոպա ու դեպի ԱՄՆ հրթիռային հարվածների հնարավոր ուղեգծերը ու գտել, որ հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու հարմար երկրները Չեխիան ու Lեհաստանն են:

«Բացի Չեխիայից ու Lեհաստանից, Ուկրաինային կամ այլ երկրների մենք չենք դիմել հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու խնդրանքով», - վստահեցրել է Օբերինգը:

Մարտի սկզբին Բրյուսելում կայացած ասուլիսում Օբերինգն ասել էր, որ Պենտագոնը ցանկանում է հակահրթիռային պաշտպանության ռադար տեղակայել Կովկասում: Ըստ ամերիկացի գեներալի, դա մաս է կազմելու ավելի խոշոր հակահրթիռային համակարգերի, որ ցանկանում են տեղադրել Չեխիայում ու Lեհաստանում:

Հարավային Կովկասի երեք երկրները անմիջապես արձագանքել էին նրա հայտարարությանը` ասելով, թե ԱՄՆ-ից նման խնդրանք չեն ստացել:

Ըստ ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի աղբյուրների, ապրիլին սպասվում է Հենրի Օբերինգի այցելությունը Ադրբեջան եւ Վրաստան: Ամերիկյան պատվիրակությունը փորձելու է ստանալ Ադրբեջանի ու Վրաստանի քաղաքական ղեկավարության աջակցությունը այդ երկրներից մեկում հակաօդային պաշտպանության ռադար տեղակայելու հարցում:

Այնուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հաստատել ամերիկյան պատվիրակության այցի մասին լուրը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG