Մատչելիության հղումներ

Քննարկվում է Հայաստանում միջին մասնագիտական կրթության ազգային կենտրոնի ստեղծման նախագիծը


Այսօր տեղի ունեցավ երկրորդ ազգային ֆորումը, որի ընթացքում մի շարք քոլեջների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ եւ փորձագետներ քննարկեցին քաղաքականության փաստաթուղթը, որը մշակել է փորձագետների խումբը:

Քննարկեցին, սակայն այդպես էլ համաձայության չեկան:

«Կենտրոնն այսօր շատ անհրաժեշտ է, քանի որ Կրթության եւ գիտության նախարարությունը մի շարք հարցեր չի կարողանում լուծել ֆինանսական միջոցների եւ մարդկային ռեսուրսների բացակայության պատճառով, եւ այստեղ տուժում են ոչ թե բարձրագույն, այլ միջին մասնագիտական կրթություն ապահովող հաստատությունները», - ասում է փորձագետ Արամ Ավագյանը:

Ավագյանը նաեւ նշեց, որ կենտրոնը կատարելու է ուսումնամեթոդական, հետազոտական եւ այլ բնույթի աշխատանքներ:

Որոշ մասնակիցներ նշեցին, որ սկզբնական շրջանում կենտրոնը պետք է օգտվի պետական ֆինանսավորումից, քանի որ եթե կենտրոնը իր ծառայություններն առաջարկի վճարովի հիմունքներով, ապա շատերը չեն կարող դրանցից օգտվել:

«Կենտրոնի ստեղծումը հրաշալի գաղափար եւ նախաձեռնություն է, սակայն պետք է հստակ ամրագրել, թե ինչ նպատակներ պետք է դնի կենտրոնն իր առջեւ եւ ինչ խնդիրներ լուծի, ինչը, այսօրվա փաստաթղթում դեռ հստակ ամրագրված չէր», - ասում է փորձագետ Աստղիկ Միրզախանյանը:

Նախագիծը դեռ պետք է վերամշակվի եւ ներկայացվի Կրթության եւ գիտության նախարարություն, որը կարող է որոշակի փոփոխություններ անել: Դրանից հետո նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG