Մատչելիության հղումներ

«Լոս Անջելես Թայմզ». «Ծայրահեղականները սպառնում են Թուրքիայի մտավորականներին»


«Բոսֆորի ափին, երբ ճաշի են հավաքվում Թուրքիայի գրողներն ու գիտնականները, նրանց գրական, գիտական բանավեճերը վերջերս անսպասելի շրջադարձ են ունենում՝ «Դո՞ւ էլ ես արդեն ոստիկանության պահպանության տակ»: Այսպես է սկսել «Լոս Անջելես Թայմզ» թերթում այսօր հրապարակած իր հոդվածը Լորա Քինգը:

«Բոլորս արդեն սկսել ենք կարծիքներ փոխանակել՝ մեզանից ով մեկ թիկնապահ ունի, ով՝ երկու, սկսում ենք համեմատել, կատակներ անել...», - ասում է լրագրող եւ արձակագիր Փերիհան Մագդենը: Նա էլ ծայրահեղական ազգայնականներից սպառնալիքներ ստանալուց հետո ոստիկանությունից թիկնապահ է ստացել, ինչը, նրա խոսքերով «ծիծաղելի է, բայց միեւնույն ժամանակ՝ շատ ողբերգական»:

«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայի մտավորականների համայնքը պաշարված վիճակում է. նման բան տասնամյակներով չի նկատվել:

Դինքի հուղարկավորությունից հետո ստվերում գործող ազգայնական խմբավորումները սպառնալիքներ են ուղղում այն մտավորականներին, որոնք շեղվում են Թուրքիայի բռնած պաշտոնական դիրքից՝ ասելով, որ 1915 թվականին հայերի սպանությունը ցեղասպանություն էր: Կամ` ովքեր թերահավատ են Թուրքիայի ռազմական հզորության հանդեպ, ովքեր քուրդ փոքրամասնության կարգավիճակի հարցն են բարձրացնում:

Դրա հետեւանքով գրողները չեղյալ են հայտարարում իրենց գրական ճամփորդությունները, երբեմնի բացախոս պրոֆեսորները խուսափում են հրապարակայնությունից

«Սա իրոք վախի մթնոլորտ է», - ասել է գրողների ՓԵՆ ակումբի ղեկավարներից Եվգենի Սչուլգինը: Այս ակումբը մի շարք միջազգային կազմակերպությունների հետ միջնորդական աշխատանք է տանում, որպեսզի Թուրքիայի Քրեական օրենսգրքից հանվի 301-րդ հոդվածը. այն քրեական պատիժ է սահմանում «թուրքական ինքնությունը վիրավորելու համար»:

«Շատ մտավորականներ հույս ունեին, որ օրը ցերեկով Դինքի դաժան սպանությունը կատալիզատորի դեր կունենար այդ հոդվածը հանելու գործում: Դինքին 2005 թվականին դատարանը վեց ամսվա ազատազրկման էր դատապարտել իր արտահայտած մտքերի համար: Բայց շատ փորձագետներ աստիճանաբար ավելի ու ավելի հոռետես են դառնում նման բարեփոխման հանդեպ՝ տեսնելով ծայրահեղորեն բեւեռացված մթնոլորտը: Հատկապես որ` տարին ընտրական է, եւ Թուրքիայի քաղաքական կուսակցությունները չեն կարող իրենցից վանել ազգայնականներին, որոնք ընտրազանգվածի էական մասն են կազմում», - ասված է հոդվածում:

Մյուս կողմից՝ «երբեմն միջազգային խմբերն են Թուրքիայում խորացնում հակազդեցությունը»: «Նրանց գործածած բառապաշարը երբեմն բոլորովին էլ կառուցողական չէ», - ասում է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին դեսպան Օնուր Օյմենը: - «Քննադատները պիտի զգույշ լինեն՝ նման հակազդեցություն չառաջացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG