Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպես ենք ընտրելու՝ ըստ սոցիոլոգների» վերնագրի ներքո «Ազգ» թերթը ներկայացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հրապարակած հետազոտությունը մարդկանց նախընտրական տրամադրությունների վերաբերյալ: Հարցումն իրականացվել է փետրվարի 10-24-ը Հայաստանի 11 մարզերի 84 բնակավայրերում: Հարցմանը մասնակցել է 2 հազար մարդ: «Եթե առաջիկա շաբաթ օրը կայանան Ազգային ժողովի ընտրություններ, դուք կմասնակցե՞ք այդ ընտրություններին» հարցին «այո» պատասխանել է հարցվածների 71,8 տոկոսը, «ոչ»` 14,5 տոկոսը, «դեռ չեմ որոշել»` 13,7 տոկոսը: Ընտրազանգվածի 26,4 տոկոսը դեռեւս չի կողմնորոշվել, թե որ կուսակցության օգտին կքվեարկի՝ փաստում է հարցումը:

«Հայկական ժամանակ»-ը «Կարգախոսները հայտնի են» վերնագրի ներքո գրում է. - «Հանրապետություն» կուսակցությունն արդեն որոշել է, թե ինչ կարգախոսով պետք է մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության գրասենյակից երեկ մեզ հայտնեցին, որ իրենց կարգախոսը լինելու է հետեւյալը` «Ժողովրդի հետ, հանուն ժողովրդի»: Իսկ, օրինակ, Հանրապետական կուսակցությունն իրենց ունեցած կարգախոսի 50 տարբերակները մաղել է եւ այս պահին ունի տասը տարբերակ, բայց չի կարողանում կողմնորոշվել, թե այդ տասից որն ընտրի»: Կուսակցության մամուլի քարտուղարի փոխանցմամբ, այս անգամ իրենց կարգախոսը լինելու է «ավելի թեթեւ», որը կհամապատասխանի նաեւ իրենց արած գործին ու ավելի շատ սոցիալական ուղղվածություն կունենա:

«Քանդվելու իներցիա» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը շեշտադրել է. - «Ի տարբերություն հայաստանցիների մեծամասնության, ես համոզված եմ, որ այսօրվա կյանքն ավելի ազատ է ու բնականոն, քան 90-ական թվականներից առաջ էր։ Փոխարենը հոգեւոր ոլորտում, կրթության մեջ, մտավոր չափանիշների տեսանկյունից մենք զգալի հետընթաց ապրեցինք։ Ինչը չկար այն ժամանակ՝ դա այսօրվա ագրեսիվ տգիտությունն է, լկտիության, ամբարտավանության, ըստ էության, քարոզչությունը: Երբ ֆիզկուլտինստիտուտի շրջանավարտը վարձում է ակադեմիկոսներին ու պրոֆեսորներին, որպեսզի նրանք «պոլի փետի» դերում հանդես գան իր նախընտրական ցուցակում, դա, իհարկե, մեր մտավորականության բարոյական վիճակի ցուցիչն է։ Երբ սուպերմարկետից մուշտակ գողացող «բիզնեսմենը», որը տառերը հազիվ է ճանաչում, պատգամավոր լինելու համար մրցում է գեներալի հետ, որը բացարձակապես չգիտի հայոց այբուբենը, դա ինչ խոսք, բնութագրում է մեր քաղաքական կյանքը»։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը փոխանցել է Հայկական սոցիոլոգիական ընկերակցության անցկացրած հարցման արդյունքները հայաստանցիների նախընտրական կողմնորոշումների վերաբերյալ, որոնց համաձայն, ամենաբարձր վարկանիշն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 18,2 տոկոս, որին հաջորդում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 10,6 տոկոս։ Ըստ հարցման` հայաստանցիների 26,4 տոկոսը դեռ չի որոշել, թե ում օգտին է քվեարկելու մայիսի 12-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

«Ինչպես չենթարկվել «սոցիոլոգիական» թելադրանքին» վերնագրի տակ «Ազգ» թերթի մեկնաբանը փոխանցել է սոցիոլոգ Լյուդիմլա Հարությունյանի կարծիքը հետզհետե ավելացող սոցիոլոգիական հարցումների որակի վերաբերյալ. - «Մեզ մոտ մի քանի հանրահայտ պրոֆեսիոնալներ կան ընդամենը, որոնց գնելն ավելի է հեշտանում, քանի որ նրանք մեծ պատվերներ ունենում են միայն ընտրությունների շրջանում, եւ պրոֆեսիոնալ էթիկայի մասին խոսակցությունն այստեղ սեւ գրոշի դեր անգամ չունի: Եվ բնավ զարմանալի չէ, որ ուզած հանրահայտ սոցիոլոգին երբ այս օրերին հարցնում են, թե ինչպիսին կլինի ուժերի հարաբերակցությունն ապագա խորհրդարանում, էս մեր սոցիոլոգը չի ասում, թե պրոֆեսիոնալ էթիկան չի թողնում հարաբերակցություն թելադրել եւ հասարակական կարծիքի վրա ազդել: Ու հաճույքով գծում է` «Բարգավաճը»` որքան, ՀՀԿ-ն` որքան, էսինչն ու էնինչը` որքան, ընդդիմությունից` ով: Բայց չէ՞ որ հենց սա էլ սոցիոլոգիական կոռուպցիա է»: «Նախօրոք խորհրդարան են նշանակում, փաստորեն, ընտրողին էլ շան տեղ չեն դնում», - եզրակացրել է տիկին Հարությունյանը:

«Թեժ ամառվա քրոնիկան» վերնագրի տակ «Տարեգիր» պարբերականն այսօր կանխատեսելով ընդդիմության հետընտրական հնարավոր վարքագիծը նկատել է. - «Մայիսի 12-ից հետո ընդդիմադիրների չբավարարված մասը կսկսի հանրահավաքներ կազմակերպել, եւ անհաջողակներն իսկապես միավորվելով՝ միասնաբար կաղաղակեն, որ Ազգային ժողովի ընտրությունները կեղծված են: Եվ շատ հնարավոր է, որ միավորված ընդդիմության հանրահավաքներին հազարավոր դժգոհ քաղաքացիներ գան: Եվ երբ Մատենադարանի մոտ վերստին հարյուր հազար ժողովուրդ հավաքվի, վերստին կարթնանան մեր ընդդիմադիր լիդերների ամբիցիաները, եւ վերստին նրանցից յուրաքանչյուրն իրեն կպատկերացնի միմիայն Հանրապետության նախագահի աթոռին»։

«Ժամանակ-Երեւան» թերթն այսօր փոխանցել է, թե այս օրերին «Մալաթիա-Սեբաստիա համայնքն ընդգրկող թիվ 7 ընտրատարծքում մեծամասնական ընտրակարգով հայտ ներկայացրած միակ թեկնածու Սամվել Ալեքսանյանը «փակում է իր նախընտրական շտաբները եւ աշխատողներին ուղարկում է տները». - «Բանն այն է, որ Ալեքսանյանի դեմ որեւէ թեկնածու այդպես էլ չի առաջադրվել, ուստի նա վստահ է, որ առանց որեւէ բան անելու էլ հանգիստ կընտրվի։ Էլ ինչ իմաստ ունի ծախս անել, քարոզչություն իրականացնել կամ շտաբ պահել»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG