Մատչելիության հղումներ

Արթուր Աղաբեկյան. «Ես տեսնում եմ Դաշնակցությանը ե'ւ ընդդիմության մեջ, ե'ւ իշխանությունում»


Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, ով պաշտոնից հրաժարվելուց հետո վերականգնեց իր անդամությունը Հայ հեղափոխական դաշնակցությունում, իր ապագա քաղաքական գործունեությունը կապում է բացառապես Դաշնակցության հետ` անգամ եթե կուսակցությունն անցնի ընդդիմադիր դաշտ:

Անցած տարի Դաշնակցությունն իր ընդհանուր ժողովում որոշում կայացրեց, որ եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունը քաղաքական լուրջ ներկայություն չունենա խորհրդարանում, ապա կդառնա ընդդիմություն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե տարիներ շարունակ իշխանությունը ներկայացրած գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը պատրա՞ստ է ընդդիմադիր դառնալ, նախկին փոխնախարարը պատասխանեց. - «Ես տեսնում եմ Դաշնակցությանը ե'ւ ընդդիմության մեջ, ե'ւ իշխանությունում: Եվ այս առումով ես այդպիսի խնդիր չեմ դրել իմ առջեւ: Անգամ խնդիր չեմ դրել, որ պետք է լինեմ պատգամավոր»:

Անդրադառնալով իր հրաժարականին` նախկին փոխնախարարաը ասաց. - «Ես գտնում եմ, որ շատ երկար ժամանակ ես զբաղեցրեցի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը... Եվ պետք է թարմ ուժ գա, փոխարինի ինձ»:

Դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ եղան, որ Աղաբեկյանի հրաժարականը հեռահար նպատակներ է հետապնդում` հավակնելով Հայաստանի պաշտպանության նախարարի կամ անգամ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնին, Աղաբեկյանը արձագանքեց. - «Դաշնակցությունը եթե այդքան մեծ նպատակ դնի իր առջեւ, որ ունենա պաշտպանության նախարար, զինվոր Աղաբեկյանը հաճույքով կկատարի այդ պարտականությունը: Եթե Դաշնակցությունը որոշի, որ ես Հայաստանում անելիք չունեմ եւ պետք է նորից վերադառնամ Ղարաբաղ, ապա կարող եմ աշխատել ինչպես գյուղապետ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նախագահ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG