Մատչելիության հղումներ

Հայաստանում մեկնարկեց ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոնիայի շաբաթը


Մարտի 20-ի` Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են միջոցառումներ, որոնց նպատակն է միավորել աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց, ովքեր սիրում են ֆրանսիական մշակույթն ու լեզուն:

Հայաստանում Ֆրանկոֆոնայի շաբաթը մեկնարկեց այսօր:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդ Ժյուլի Սոռեն «Մաքս Լիբերթի»-ին ասաց, որ ֆրանսիական լեզուն եւ մշակույթը «առավել արդյունավետ եւ տպավորիչ է կինոյի միջոցով ներկայացնելը»:

«Քանի որ տվյալ պահին խոսքը ֆրանսիական ֆիլմերի փառատոնի մասին չէ, մենք ընտրել ենք այնպիսի ֆիլմեր, որոնք կներկայացնեն ֆրանկոֆոն իրականությունը: Այսօր մեկնարկը կտրվի Ֆիլիպ Ֆոկոնի «Սամիա» ֆիլմով, որը ալժիրցի մի երիտասարդ աղջկա մասին է, ով ապրում է ֆրանսիայում եւ անվերջ պայքարի մեջ է», - ասաց նա:

Շաբաթվա ընթացքում կցուցադրվեն նաեւ մուլտֆիլմեր, թատերական ներկայացումներ, բուհերում կանցկացվեն օլիմպիադաներ, լեզվաբանական խաղեր:

Ժյուլի Սոռեն նշեց, որ հայ երիտասարդները բավականին լավ են տիրապետում ֆրանսերենին: Դա են ապացուցում տարբեր միջոցառումները, որոնք ուսանողների մասնակցությամբ եւ առաջարկով կազմակերպում է դեսպանատունը:

«Լեզվաբանական խաղերի եւ օլիմպիադաների հարցերը պետք է ուղարկվեն Ֆրանսիայից: Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ հարցեր են լինելու: Հայ երիտասարդների գերազանց ֆրանսերենի իմացության ապացույցներից մեկն այն է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները նմանատիպ օլիմպիադայի ժամանակ հաղթել են Սորբոնի համալսարանի ուսանողներին, ինչը մեզ համար լավագույն փաստարկն է», - ավելացրեց նա:

Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում միջոցառումներ կանցկացվեն նաեւ Գյումրիում:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG