Մատչելիության հղումներ

Լեւոն Սարգսյանի աշխատակիցը հերքում է ձերբակալված Իսրայելյանի մտերմությունը պատգամավորի հետ


Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի աշխատակիցներից մեկը երեքշաբթի օրը կտրականապես հերքեց լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով ձերբակալված 32-ամյա Հայկ Իսրայելյանը Սարգսյանի մտերիմներից է:

«Այդպիսի բան չկա: Ես իր [Լեւոն Սարգսյանի] փոխարեն հերքում եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անդրանիկ Առաքելյանը, ով ներկայացավ որպես Լեւոն Սարգսյանի «տղերքից»` կրկնելով. - «Սուտ է: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել»:

«Կինո Երեւանի Հայկ» անունով հայտնի Իսրայելյանը, ըստ որոշ լրատվամիջոցների, վարձու մարդասպան է: Նա ձերբակալվել է մարտի 7-ին: Իսրայելյանին առաջադրվել է «հեռակառավարմամբ գործադրվող սարքի միջոցով Շահեն Հովասափյանի սպանությունը կատարելու եւ ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կրելու» մեղադրանք:

Շահեն Հովասափյանը սպանվել է անցած տարվա սեպտեմբերի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG