Մատչելիության հղումներ

«Հետխորհրդային տարածք» տերմինն աստիճանաբար անիմաստ է դառնում: Այսպիսի եզրակացության է հանգել Լոնդոնում գործող Chatham House վերլուծական կենտրոնը ԱՊՀ-ի տարածքին նվիրած զեկույցում:

Chatham House-ը իր զեկույցում նշում է, որ Խորհրդային Միության փլուզումից 15 տարի է անցել, 1991-ից ի վեր նախկին ԽՍՀՄ-ի տարածքում տեղի են ունեցել քաղաքական, տնտեսական եւ սոցիալական արմատական փոփոխություններ: ԱՊՀ-ն որպես ինտեգրման մեխանիզմ թուլացել է: Ակնհայտ են ԱՊՀ-ի առանձին երկրների միջեւ շահերի բախումները: Աստիճանաբար ավելի մեծ ազդեցություն են ստանում ԱՊՀ-ի տարածքից դուրս գործող դերակատարները՝ Եվրամիությունը, ՆԱՏ0-ն, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Չինաստանը, Թուրքիան եւ Իրանը: Ուկրաինայում, Վրաստանում եւ Ղըրղզստանում «գունավոր հեղափոխությունները» ունեին այսպես կոչված «հակահետխորհրդային» բնույթ եւ ուղղված էին ԱՊՀ-ի իշխող վերնախավերի, ինչպես նաեւ «սովետիզմի մնացորդ» համարվող քաղաքական-տնտեսական համակարգերի դեմ:

Chatham House-ի վերլուծաբանների կարծիքով, ԱՊՀ-ի տարածքում կենտրոնախույս միտումներին նպաստում են նոր կառույցները՝ վերակազմավորված ՎՈՒԱՄ-ը եւ «Դեմոկրատական ընտրությունը», որոնք ձգտում են նվազագույնի հասցնել կապերը Մոսկվայի հետ:

Chatham House-ը նշում է ԱՊՀ-ի 7 երկրներ միավորող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դերը. ՀԱՊԿ-ը ռազմական ինտեգրման մեխանիզմ է, մասնակցում է խաղաղապահ գործողություններին եւ կոչված է երաշխավորելու անդամ երկրների անվտանգությունը:

Ոչ Արեւմուտքը եւ ոչ էլ Ռուսաստանը դեռ չեն ընտելացել աշխարհաքաղաքական այս նոր իրողությանը: Մինչդեռ, ամփոփում են Chatham House-ի վերլուծաբանները, «հետխորհրդային տարածք» տերմինն արդեն աստիճանաբար անիմաստ է դառնում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG