Մատչելիության հղումներ

logo-print

Ռեջեփ Էրդողան. «Ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի համոզմամբ, ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում «պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

«Վաղուց ժամանակն է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ ետ քաշել Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում՝ հավելելով. - «Պետք է հատուկ նշանակություն տրվի նրան, որ ցանկացած կարգավորում պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Էրդողանը ասել է նաեւ, թե «տեղահանվածների վերադարձը անհետաձգելի հումանիտար հարց է, որը մեր մշտական ուշադրությունն է պահանջում, եւ դա պետք է շտապ լուծվի»:

«Անցած տարին միջազգային հանրության եւ մեր կողմից դիտարկվում էր որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «հնարավորությունների պատուհան»: Բայց մենք պետք է ափսոսանքով նշենք, որ գործադրված ջանքերը հաջողությամբ չպսակվեցին: Միջազգային հանրությունը պետք է Հայաստանից պահանջի կառուցողական, ամբողջովին միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված քաղաքականություն վարել իր հարեւանների նկատմամբ», - ասել է Թուրքիայի վարչապետը՝ հավաստիացնելով. - «Թուրքիան, իր հերթին, կաջակցի հակամարտության կարգավորմանն աջակցելու այն ջանքերը, որոնք հիմնված են փոխզիջման վրա եւ ցանկացած դեպքում ընդունելի են Ադրբեջանի համար»:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առնչությամբ Էրդողանը վերահաստատել է իր կարծիքը, թե «պատմությունը պետք է հանձնվի պատմաբանների դատին»:

Հիշեցնելով 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ 2005 թվականին իր արած առաջարկը՝ Թուրքիայի վարչապետը ասել է. - «Մենք այդպես էլ մեր առաջարկին դրական պատասխան չստացանք Հայաստանից: Մենք ակնկալում ենք բարեկամ երկրների աջակցությունը այդ պատմական առաջարկին»:

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության հարցերին՝ Էրդողանը կարծիք է հայտնել, թե «Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը նշանակալիորեն առաջ են անցել իրենց եռակողմ հարաբերություններում, ինչի վկայությունն են Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը, Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազամուղը եւ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու նախագիծը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG