Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտում է շվեյցարական դատարանի վճիռը


Թուրքիան դատապարտել է շվեյցարական դատարանի վճիռը, որով Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը մեղավոր է ճանաչվել Հայոց ցեղասպանության ուրացման համար:

Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը անցած ուրբաթ կայացրած դատավճռով թուրքական ազգայնական կուսակցության ղեկավարի նկատմամբ 90-օրյա պայմանական ազատազրկում եւ շուրջ 2,5 հազար դոլար տուգանք է սահմանել:

«Դատական գործը անհարկի, հիմնազուրկ եւ վիճելի էր բոլոր առումներով: Այդ վճիռը անընդունելի է թուրք ժողովրդի համար», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության՝ շաբաթավերջին հրապարակած հայտարարությունում, ըստ որի, դատավիճը «ոտնահարում է ազատ խոսքը»:

«Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը քննադատել է նաեւ դատական գործի լուսաբանումը շվեյցարական մամուլի կողմից՝ որակելով այն «կողմնակալ»:

Փերինչեքը, որի կուսակցությունը ներկայացված չէ Թուրքիայի խորհրդարանում, դատապարտվել է Շվեյցարիայում 1995 թվականից ընդունված հակառասիստական օրենքով, որով արգելվում է որեւէ ցեղասպանության ուրացումը, արդարացումը կամ դրա նշանակության նսեմացումը: Սա առաջին դեպքն է, երբ այդ օրենքը կիրառվում է Հայոց ցեղասպանության ուրացման առնչությամբ. 2001 թվականին նույն մեղադրանքով դատարանի առջեւ կանգնած 12 թուրքեր արդարացվել էին:

Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդը 2005 թվականին Լոզանում թուրքերի մի հավաքի ժամանակ հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ է»:

2003 թվականին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG