Մատչելիության հղումներ

Ակնկալվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկում Իսրայելի Քնեսեթում


Իսրայելի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներից պատմաբան Ժորժետ Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հույս հայտնեց, որ չորեքշաբթի օրը «Մերես» կուսակցությունը Քնեսեթում կբարձրացնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը:

«Կհուսամ, որ եթե այս անգամ [բանաձեւը] չընդունվի, ապա հաջորդ անգամ անպայման կընդունվի», - ասաց ժորժետ Ավագյանը:

Վաղը Հայ դատի հանձնախմբից ժորժետ Ավագյանը եւ Հակոբ Սեւյանը գնալու են Քնեսեթ, որպեսզի նախապատրաստվեն չորեքշաբթի օրը ակնկալվող քվեարկությանը:

Իսրայելական զանգվածային լրատվամիջոցները դեռ չեն արձագանքել, քանի որ Քնեսեթում 6 պատգամավոր ունեցող «Մերես» կուսակցության անդամներն առանձին-առանձին են հանդիպում խորհրդարանականների հետ եւ հրապարակային հայտարարություններ չեն անում:

Քնեսեթում արաբական կուսակցությունները ներկայացնող պատգամավորները հրաժարվել են մասնակցել ցեղասպանության հարցի քվեարկությանը. - «Ասացին՝ «Հասկանում ենք ձեզ, բայց Թուրքիան մահմեդական երկիր է»:

Քնեսեթում գործող Իսրայել-Թուրքիա եւ Իսրայել-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբերը, ամենայն հավանականությամբ, կխանգարեն հարցի քննարկմանը կամ դեմ կքվեարկեն: Կան նաեւ Բաքվից ներգաղթած հրեա ռուսախոս պատգամավորներ, որոնք հաճախ են հակահայկական արտահայտություններ անում իսրայելական մամուլում:

Քնեսեթում գործում է Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը՝ կառավարող «Կադիմա» կուսակցության անդամ Զե Վելկինի գլխավորությամբ:

Իսրայելի գերագույն օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության դնելու փորձ վերջին անգամ ձեռնարկվել է 5 տարի առաջ:


Արտյոմ Չերնամորյան, Թել Ավիվ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG