Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Չախալյանի դատավճիռը


Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Հայաստանի սահմանը ապօրինի հատելու համար անցած տարվա դեկտեմբերին «Միասնական Ջավախք» դաշինքի ղեկավար անդամ Վահագն Չախալյանը դատապարտվել էր 1,5 տարվա պայմանական ազատազրկման:

«Ուժի մեջ մնում նաեւ Հայաստանի ոստիկանապետի կարգադրությունը Չախալյանին Հայաստանից արտաքսելու վերաբերյալ», - «Ազատություն» ռադիոկայանին դատական նիստից հետո ասաց Չախալյանի փաստաբանը` Տիգրան Հայրապետյանը: - «Երբ նա ցանկանա գալ Հայաստանի Հանրապետություն, պետք է [լինի] ոստիկանապետի թույլտվությունը»:

Փաստաբանը նաեւ ասաց, որ վերաքննիչ ատյանի վճիռը իրենք բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում:

Չախալյանը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ անցած տարվա հոկտեմբերին Բավրայի անցակետը հատելիս ինքը օրենք չի խախտել, այլ` «սահմանապահը իր պարտականությունները բարեխղճորեն չի կատարել» եւ չի գրանցել իր փաստաթղթերը:

Վերաքննիչ դատարանի նիստին ներկա գտնվելու համար Հայաստանից արտաքսված Չախալյանին թույլատրվել է երկիր մուտք գործել ընդամենը 5 օրով, եւ նա ստիպված է վաղը վերադառնալ Ախալքալակ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վահագն Չախալյանը ասաց, որ «անկեղծորեն չի հասկանում իր դեմ սկսված արշավի դրդապատճառը». - «Չեմ կարծում, որ մի բան եմ անում, որ խանգարում է Հայաստանի իշխանություններին կամ ազգային անվտանգությանը»:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամն ասաց, որ իրենց գործունեությունը, ընդհակառակը` «նպաստում է Հայաստանի ազգային անվտանգությանը, Ջավախքի հայապահպանությանը»:

Նրա խոսքերով, ինքն ու իր գործընկերները բարձրաձայնում են «միայն կենսական նշանակություն ունեցող այն խնդիրները, որոնք ծառացել են Ջավախքի առջեւ»:

Դատավարությանը ներկա էր նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, ով Չախալյանի ձերբակալությունը համարում է «վերջին տարիներին հայ-վրացական համագործակցության միակ հաջողված փորձը»: Պատգամավորի կարծիքով, Վահագն Չախալյանին «պատժում են ջավախքահայության խնդիրները բարձրաձայնելու համար», ինչը «մեր իշխանություններին այս պահին պետք չէ»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG