Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ անհիմն հավակնություններից»


«Հայաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը եւ հրաժարվի Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ անհիմն հավակնություններից», - ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ելույթ ունենալով ադրբեջանական եւ թուրքական սփյուռքյան կազմակերպությունների առաջին համաժողովի բացման ժամանակ՝ Ալիեւը համոզմունք է հայտնել, թե «Հայաստանը պետք է փոփոխություններ մտցնի իր քաղաքականության մեջ՝ ազատելով ադրբեջանական գրավյալ տարածքները եւ հրաժարվելով մտացածին «հայոց ցեղասպանության» վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ հավակնություններից»:

Հակառակ դեպքում, սպառնացել է Ադրբեջանի նախագահը, «հենց Հայաստանի ապագան կարող է հարցականի տակ հայտնվել»:

Ադրբեջանական day.az էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ, Ալիեւը ասել է նաեւ, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ՝ «չնայած կարող էր ունենալ, քանի որ ներկայիս Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական պատմական տարածքներում»:

Ադրբեջանի նախագահի խոսքերով, իր երկիրը երբեք չի հաշտվի «հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրան հարեւան 7 շրջանների օկուպացման հետ» եւ հնարավորություն չի տա երկրորդ հայկական պետությունը ստեղծել «ադրբեջանական տարածքում»:

«Թրենդ» գործակալության վկայությամբ, համաժողովում ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որը, մասնավորապես, հայտարարել է, թե «միայն սերտորեն համագործակցելով Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են լուծել իրենց առջեւ ծառացած հարցերը եւ խնդիրները»:

Էրդողանի խոսքերով, «ադրբեջանական տարածքները օկուպացվել են Հայաստանի կողմից, սակայն վաղ թե ուշ այդ հարցում արդարությունը հաղթելու է»:

«Ադրբեջանի դառնությունը Թուրքիայի դառնությունն է, Ադրբեջանի ուրախությունը՝ Թուրքիայի ուրախությունը», - ասել է Թուրքիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG