Մատչելիության հղումներ

Շվեյցարական դատարանը Դողու Փերինչեքին դատապարտեց Հայոց ցեղասպանության ուրացման համար


Շվեյցարական դատարանը այսօր Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքող նրա հրապարակային հայտարարությունների համար: Լոզանի դատարանը թուրքական ազգայնական կուսակցության առաջնորդի նկատմամբ սահմանեց 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաեւ 3 հազար շվեյցարական ֆրանկի կամ 2,5 հազար դոլարի տուգանք:

Փերինչեքը կարող է խուսափել ազատազրկումից, եթե առաջիկա երկու տարիների ընթացքում չկրկնի իր արարքը:

Երկու տարի առաջ Լոզանում թուրքերի մի հավաքի ժամանակ Փերինչեքը «միջազգային սուտ» էր որակել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ գործադրված ցեղասպանությունը, եւ նրա դեմ գործ էր հարուցվել՝ համաձայն Շվեյցարիայի հակառասիստական օրենքի: Հիշյալ օրենքով քրեական պատիժ է սահմանված նաեւ ցեղասպանության կամ մարդկության դեմ այլ հանցագործությունների ուրացման համար:

Ինչպես նշում է «Ֆրանսպրես» գործակալությունը, սա առաջին դեպքն է, երբ 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքը կիրառվում է Հայոց ցեղասպանության առնչությամբ: 2001 թվականին Բեռնի դատարանը արդարացրել էր նույն մեղադրանքով դատարանի առջեւ կանգնած 12 թուրքերի:

«Այս դատավճռի ամենակարեւոր կետն այն է, որ հայոց դեմ գործված ցեղասպանությունը պատմական անվիճելի իրողություն է Շվեյցարիայի օրենսդրության առջեւ, եւ ոչ մեկն իրավունք չպիտի ունենա այս իրողությունը կասկածի տակ դնել», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց դատարանում հայկական կողմի շահերը ներկայացնող Շվեյցարահայ միության համանախագահ Սարգիս Շահինյանը:

Նա առանձնացրեց Լոզանի դատարանի այսօրվա վճռի մեկ այլ կարեւոր հանգամանք. - «Դողու Փերինչեքն ընդունվեց որպես օտարատյաց, ժխտողական անձնավորություն, որն՝ իմանալով իր արածները, ուզեց դիտմամբ ժխտել հայկական ցեղասպանությունը»:

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2003 թվականի դեկտեմբերին:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG