Մատչելիության հղումներ

«Վիկ Դարչինյանի եւ Վիկտոր Բուրգոսի մենամարտը չպետք է կայանար»


Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի ղեկավար Ժոզե Սուլեյմանի կարծիքով, IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Վիկ Դարչինյանի մենամարտը մեքսիկացի Վիկտոր Բուրգոսի հետ չպետք է անցկացվեր, քանի որ ակնհայտ էր դրա մասնակիցներից մեկի առավելությունը մյուսի նկատմամբ:

«Այդ մենամարտը չպետք է կայանար», - հինգշաբթի օրը հայտարարել է Սուլեյմանը: - «Իմ տեսած ընդամենը երկու ռաունդը արդեն բավական էր՝ հասկանալու համար բռնցքամարտիկներից մեկի առավելությունը մյուսի նկատմամբ: Վերջին ռաունդում ես հասկացա, որ ինչ-որ բան սխալ է»:

Շաբաթ օրը Կալիֆորնիայի Քարսոն քաղաքում կայացած մենամարտում Վիկ Դարչինյանը պաշտպանեց չեմպիոնական իր տիտղոսը՝ վերջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Բուրգոսին: Մեքսիկացի բռնցքամարտիկը հենց ռինգից պատգարակով տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ նրան անմիջապես վիրահատության ենթարկեցին՝ մաքրելու համար ուղեղի վրայի արյունը եւ իջեցնելու առաջացած այտուցը:

Բուրգոսը ներկայումս արհեստական կոմայի մեջ է: Ըստ բժիշկների, նա շարժվելու նշաններ է ցույց տալիս, ինչը հնարավոր առողջացման մասին վկայող դրական նշան է:

IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Հայաստանից է՝ Վանաձորից, սակայն մրցումներում ներկայացնում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքը:

Բուրգոսի հետ մենամարտում Դարչինյանը տոնեց իր 28-րդ անընդմեջ հաղթանակը եւ 22-րդը, որը նա ավարտել է նոկաուտով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG