Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը Հայաստանի համար հաստատել է երեք վարկային ծրագիր


Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը հինգշաբթի օրը Հայաստանի համար հաստատել է երեք վարկային ծրագիր՝ 72,5 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Հաստատվել է նաեւ երկրին օժանդակության ռազմավարության իրականացման առաջընթացի հաշվետվությունը. Համաշխարհային բանկի գնահատմամբ, Հայաստանը շարունակում է ընթանալ միջին եկամտով երկրների խմբին միանալու ճանապարհով:

«Երեկ երեկոյան Համաշխարհային բանկի կենտրոնատեղիում՝ Վաշինգտոնում, տնօրենների խորհուրդը [Հայաստանին վերաբերող] մի ամբողջ փաթեթ քննարկեց եւ հաստատեց: Ինչ-որ առումով կարելի է երեկվա տնօրենների խորհրդի օրակարգը ամբողջովին հայկական համարել, որովհետեւ խոսքը մի հիմնարար զեկույցի եւ երեք վարկային ծրագրերի մասին է», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը:

Առաջնահերթը, ըստ նրա, երկրին օժանդակության ռազմավարության իրականացման առաջընթացի հաշվետվությունն էր:

Հաստատված երեք վարկային ծրագրերն են՝ Աղքատության հաղթահարման աջակցման վարկը, որը կազմում է 28 միլիոն դոլար, Դատաիրավական համակարգի բարեփոխումների երկրորդ ծրագիրը՝ 22,5 միլիոն դոլար, որին հավելվում է եւս 3 միլիոն դոլար՝ իբրեւ դրամաշնորհ, եւ Առողջապահական համակարգի արդիականացման ծրագիրը՝ 22 միլիոն դոլար:

«Ընդհանուր առմամբ, խոսքը 72,5 միլիոն դոլարի մասին է», - նշեց Վիգեն Սարգսյանը:

Նա հայտնեց նաեւ, որ 2006 թվականի նոյեմբերին մեկնած Ռոջեր Ռոբինսոնին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնում փոխարինելու է ազգությամբ հույն Արիստոմենե Վարուդակիսը. ՀԲ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահը հաստատել է մրցակցային կարգով կատարված ընտրությունը:

Այն հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան նոր տնօրենի նշանակումից, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. - «Նոր տնօրենի մուտքը այն ժամանակ է, երբ մենք կարեւոր փուլում ենք գտնվում՝ ինստիտուցիոնալ առումով: Դրան գումարած՝ այն քաղաքական փոփոխությունները, որոնք սպասվում են թե խորհրդարանական եւ թե նախագահական ընտրություններով: Այնպես որ, ժամանակները այնքան էլ պարզ կամ դյուրին չեն, բայց ելնելով այն փորձից, որ մենք ունենք, պետք է որ ակնկալենք դրական զարգացումներ»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG