Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը չի քննադատի Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող ֆրանսիական օրենքը


Եվրախորհրդարանը հրաժարվել է քննադատել Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանելու մասին անցյալ տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրենքը:

Ինչպես տեղեկացնում են Եվրոպայի Հայ դատի հանձնախմբից, «Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից «1915 թվականի Հայոց ցեղասպանության» գոյությունը վիճարկելու համար պատիժ նախատեսող օրենքի ընդունման վերաբերյալ» վերնագրված հայտարարության նախագիծը, որը դեռ 2006 թվականի նոյեմբերի 13-ին ներկայացրել էին երեք խորհրդարանականներ, եռամսյա հետաձգումից հետո՝ փետրվարի վերջին, հավաքել է Եվրախորհրդարանի 785 պատգամավորներից ընդամենը 38-ի ստորագրությունը եւ չի ընդգրկվել խորհրդարանի օրակարգում:

Հայտարարության նախագծում ափսոսանք էր արտահայտվում Ֆրանսիայի խորհրդարանի կողմից հիշյալ օրենքի ընդունման կապակցությամբ եւ նշվում էր, թե դա «բացարձակապես չի նպաստում նրանց գործին, ովքեր Թուրքիայում պայքարում են կարծիքի եւ արտահայտվելու ազատության նկատմամբ լիակատար հարգանք երաշխավորելու համար»:

Նախագծի հեղինակները կարծիք էին հայտնում, թե այդ օրենքի ընդունումը «կվնասի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները», ինչպես նաեւ «վտանգավոր նախադեպ կստեղծի՝ պատժելով մի իրադարձության վիճարկումը, որը բոլոր շահագրգիռ կողմերը չեն պաշտոնապես ճանաչել»:

«Հրանտ Դինքի ստոր սպանությունը պետք է դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր քվեարկում են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ եւ դրա ուրացման համար քրեական պատիժ սահմանելու դեմ: Նրանք ստանձնում են հայերի դեմ ատելության քաղաքականությանը նպաստելու ծանր պատասխանատվությունը», - հայտարարել է Եվրոպայի Հայ դատի գործադիր տնօրեն Լորան Լեյլեքյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG