Մատչելիության հղումներ

Հայկական եկեղեցու բակում կրակողի իրական թիրախը Հայոց պատրիա՞րքն էր


Թուրքը, որը կիրակի օրը Ստամբուլի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում օդ էր կրակել, երեկ հայտարարել է, թե իր իրական թիրախը Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն էր:

«Ես դա պատրաստել էի [Մեսրոպ] Մութաֆյան երկրորդի համար»,- թղթակիցների ուղղությամբ բղավել է Վոլքան Քարովան, երբ նա եւ գործով մյուս կասկածյալ Յըլմազ Ջան Օզալփը ցուցմունքներ տալու համար տեղափոխվում էին դատախազություն:

Միաժամանակ, ինչպես ընդգծում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Քարովայի հայտարարությունից չի հասկացվել՝ արդյոք նա մտադրվել էր հարձակվե՞լ Պատրիարքի վրա, թե՞ ահաբեկել նրան:

Թուրքական «Անատոլիա» լրատվական գործակալության վկայությամբ, չորեքշաբթի երեկոյան դատարանը հիշյալ երկուսի նկատմամբ մեղադրանք է առաջադրել «կրակոցների միջոցով սպառնալու» եւ «չարտոնված զենք կրելու» համար՝ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանքը:

Երկու թուրքերը ձերբակալվել էին կիրակի օրը՝ Ստամբուլի Գումգաբու թաղամասում գտնվող հայկական եկեղեցու բակում օդ կրակելուց ժամեր անց:

Կրակոցը հնչել էր Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան քառասունքի կապակցությամբ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Հայոց պատրիարքի հանդիսապետությամբ մատուցված պատարագից շատ չանցած:

Այս տարվա հունվարի 19-ին Դինքի սպանությունից հետո Մեսրոպ պատրիարքը հայտնել էր, որ իր գրասենյակում սպառնալից բովանդակությամբ հաղորդագրություններ են ստացվում:

«Ակոս»-ի խմբագրապետի սպանության գործով մինչ օրս կալանվել է 9 մարդ, այդ թվում՝ սպանությունն իրականացնելու համար մեղադրվող 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթը:

Հրանտ Դինքը թուրք ազգայնական շրջանակների վրդովմունքն էր հարուցում 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու համար: Նա նաեւ քանիցս դատարանի առջեւ էր կանգնել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով, որով քրեական պատիժ է սահմանվում «թուրքական ինքնությունը վիրավորելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG