Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հասարակական կյանքում, մասնավորապես, քաղաքականության մեջ կնոջ դերի բարձրացումը կարեւորելով` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն այսօր փաստարկել է.- «Կինը, որքան էլ զբաղված լինի աշխատանքով եւ այլ՝ զուտ «տղամարդկային» խնդիրներով, երբեք չի մոռանա, թե ինչ է պետք շտկել տանը։ Հիմա պատկերացրեք մեր տունը՝ որպես ամբողջական երկիր, որտեղ բոլոր մակարդակներում տիրում են ուղեղներն անջատած եւ տարբեր մոլուցքներով տարված տղամարդիկ։ Ակնհայտ է, որ այդ երկրում զսպող, հավասարակշռող, կիսատ բաների մասին հիշեցնող կանանց խիստ պակաս է զգացվում։ Այդ առումով, կանանց թվի ավելացումը բոլոր մակարդակների ղեկավար պաշտոններում խիստ անհրաժեշտություն է», պնդել է գլխավոր խմբագիրն ու հավելել. - «Հայ կինը «ծրագրավորված է աշնանը մուրաբա եփելու եւ պահածո փակելու։ Եվ դա ոչ թե նրա թերությունն է, այլ՝ առավելությունը եւ ուժը։ Որովհետեւ այլ ոլորտներում նա նույնպես կցուցաբերի նման կազմակերպվածություն եւ ճշտապահություն»։

Օրվա խորհրդին հետեւելով` «Ազգ» թերթի մեկնաբանը, իր հերթին ուրվագծելով հայ կնոջ կերպարը, շեշտադրել է.- «Կինը հայոց մեջ շարունակում է դիտվել իբրեւ ընտանիքի գլխավորի կցորդ, բայց այնպիսի մի կցորդ, որն իր ուսերի վրա տանում է ողջ կենցաղային հոգսի ծանրությունը, անում է համարյա անհնարինը, «չլվում» արական սեռից մի քանի անգամ ավելի, իր ողջ հնարամտությունը ծախսում` ընտանիքին կուշտ, հագնված ու բարեկեցիկ պահելու համար, ու դրա համար նրան օձի խելք է հարկավոր լինում: Սակայն... ի՜նչ ռեսուրս է կորչում, որ ուրիշ ազգեր չունեն` հայ կնոջ համբերատարության, հնարամտության, ձեռքի հունարի, ոչնչից ամեն ինչ ստեղծելու, գեղեցիկն ու գեղագիտականն իր ողջ խորքով զգալու ամբողջությունը, որը եւ բիզնեսում, եւ արվեստում կարող է բարձունքների բերել, եթե ծավալման տարածք ունենա, եթե պահանջարկված լինի հասարակության մեջ»:

«168 ժամ»-ը հաղորդում է, թե պատգամավորի թեկնածու գրանցել-չգրանցելու շուրջ ծագած խոսակցությունները լուրջ անհանգստություն են առաջացրել «Դաշինք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի մոտ: Թերթի տեղեկություններով, այս հարցի շուրջ նա հանդիպումներ է ունեցել նախագահի աշխատակազմի որոշ ազդեցիկ պաշտոնյաների հետ, որոնք նախազգուշացվել են, որ եթե ինչ-որ պատճառներով իր թեկնածությունը չգրանցվի, ապա դիմելու է Սահմանադրական դատարան: Ըստ թերթի, Սամվել Բաբայանը «պատրաստ է լուրջ եւ աղմկալի բացահայտումներով հանդես գալ դատարանում»:

«Ժամանակ Երեւան»-ը, «Բարգավաճի մայրիկին էլ նկատեցին» վերնագրի ներքո տեղեկացնելով, որ մարտի 6-ի հրամանագրով Ռոբերտ Քոչարյանը «Անանիա Շիրակացու» մեդալով է պարգեւատրել մի շարք ֆերմերների, այդ թվում Գագիկ Ծառուկյանի մորը՝ Ռոզա Ծառուկյանին, գրում է. - «Խորհրդային լիդերներին բնորոշ մեդալասիրությամբ տառապող Քոչարյանը նախընտրական փուլում առանձնապես շռայլ է դարձել եւ աջ ու ձախ պետական պարգեւներ է բաժանում»:

Նույն թերթը հաղորդում է, որ թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են ընդդիմության երեք թեկնածուներ՝ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Թաթուլ Մանասերյանը եւ «Սահմանադրական իրավունք» միության նախկին փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը: «Ժամանակ Երեւան»-ի տեղեկություններով, այս ընտրատարածքում ընդդիմությունը պաշտպանելու է Հովհաննես Հովհաննիսյանին, ինչի մասին համապատասխան հայտարարություններ են անելու «Հանրապետություն»-ը, «Ժառանգություն»-ը, ՀԺԿ-ն, «Ազգային միաբանություն»-ը, «Նոր ժամանակներ»-ը:

Պատգամավորության թեկնածու առաջադրված աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում նկատելով, թե «պատգամավորը պետք է ռամիկ լինի»` ընդգծել է. - «Ժողովուրդն իր քվեով պատգամավորին չպետք է անձեռնմխելի դարձնի, որ նա էլ ժողովրդին դարձնի մխելի՝ որ պատին ուզենա մեխի։ Ժողովուրդը պիտի անձեռնմխելի լինի ու ամեն պատգամավորի կարողանա մեխի։ Պատգամավորությունը շատ սահմաններ է վերացնում ու ամեն մարդ չի, որ կարողանում է այդ գայթակղությանը դիմանալ։ Դա էլ ինձ չի վախեցնում, քանի որ այդ ամեն ինչը տեսել եմ։ Չտես մարդիկ են տրվում գայթակղություններին։ Պատգամավորական մանդատն ինձ համար գայթակղություն չէ»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG