Մատչելիության հղումներ

Գրիգոր Հարությունյանը` ընդդիմության չմիավորվելու պատճառների մասին


Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցութան (ՀԺԿ) ղեկավար անդամ Գրիգոր Հարությունյանը այսօր բարձրաձայնեց որոշ պատճառներ, թե ինչու ընդդիմությանը չհաջողվեց միավորվել խորհրդարանական ընտրություններից առաջ:

Հայաստանյան մամուլի որոշ հրապարակումների համաձայն, ընդդիմության միավորման բանակցությունների մասնակիցներից ոմանք դրանց ձախողման պատճառ են համարում ՀԺԿ-ի առաջադրած պայմանները, մասնավորապես, որ կուսակցությունը պահանջել էր 50 տոկոսանոց ներկայություն միավորվելիք ընդդիմության միասնական ցուցակում:

«Մենք շատ կարող էին պահանջել, եթե ասենք` ոչ, 50 տոկոսից ավելին պետք է լինի», - այսօր լրագրողներին ասաց Գրիգոր Հարությունյանը: - «Այս ամբողջ տարիների ընթացքում, մեր կարծիքով, ՀԺԿ-ն աշխատել է, իր կառույցներն է ուժեղացրել: Մնացածները այդպիսի աշխատանք չեն կատարել: Իսկ ինչո՞ւ այդպես չպիտի լիներ»:

Հարությունյանի հավաստմամբ, բանակցություններում Ստեփան Դեմիրճյանն առաջարկել է, որպեսզի հնարավոր դաշինքը ձեւավորվելու դեպքում 2008-ի նախագահական ընտրություններին ընդդիմությունը գնա միասնական թեկնածուով: Հարությունյանի պնդմամբ` կոնկրետ անվան շուրջ քննարկում չի եղել:

Խոսելով «Իմփիչմենտ» դաշինքի գաղափարի մասին` Հարությունյանը թեեւ ասաց, որ կողմնակից է դրան, այդուհանդերձ հնչեցրեց հետեւյալ դիտարկումը. - «Չի կարելի նետել հրապարակ, շատ կարճ ժամանակամիջոցում ակնկալել, որ այդ գաղափարը կքննարկվի, կընդունվի եւ կապրի»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG