Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատում է ինտերնետ ցանցերի շահագործման դրույքաչափերը իջեցնող օրինագիծը


Կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող օրինագիծը, որը նախատեսում է զգալիորեն նվազեցնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ Ժենյա Ազիզյանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ ներկայումս գործող դրույքաչափերի պատճառով «հիմնական խոչընդոտը ծագում էր ոչ թե խոշոր պրովայդերների, այլ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար»:

«Անհավասար մրցակցային դաշտ էր ստեղծվում», - պարզաբանեց նա: - «Ստացվում էր արդյունքում, որ փոքրերը պիտի դաշտից դուրս գան` տեղի զիջելով մեծերին: Իսկ այս երկիրը, կարծում եմ, այս պահին հիմնականում անհրաժեշտություն ունի, որ տարածվի ինտերնետը... Այս պահին մեր առաջնային խնդիրն է, որ ամեն գյուղի ամեն անկյունում` թեկուզ մի շենքում ինտերնետ պրովայդերը, եթե կարողանում է անել, հնարավորություն տալ դա անելու»:

Այդ նպատակով որոշվել է զգալիորեն նվազեցնել պետական տուրքի դրույքաչափերը` 5-6 անգամ:

«Նախկինում սահմանված էր, որ Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում ցանցի շահագործման համար ընկերությունը պետք է տարեկան մուծեր 3 միլիոն դրամ գումար: Դա հիմա իջեցվել է 500 հազարի», - ասաց նա: - «Երեւան քաղաքը չներառող մեկից ավելի մարզերի տարածքում ցանցի շահագործման համար սահմանված էր մեկ միլիոն, հիմա 200 հազար է նախատեսված: Եվ ընդամենը մեկ մարզի տարածքում` 500 հազար էր, հիմա 100 հազար է»:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները բողոքում են, որ պետական տուրքը շատ բարձր է, եւ հատկապես փոքր եւ միջին ընկերությունները ի վիճակի չեն մրցակցել խոշոր ընկերություններին հետ:

«Ռադիոմետ» ընկերության ղեկավար Արմենակ Խաչատրյանը չի կարծում, թե դրույքաչափերի իջեցումը կնպաստի պրովայդերների կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցմանը. - «Ուղղակի պրովայդերներին, նոր սկսող պրովայդերներին ավելի հեշտ կլինի շուկա մտնել»:

Բայց երբ օրենքը ընդունվի, ըստ նրա, ե’ւ որակը կբարձրանա, ե’ւ գինը կիջնի, քանի որ եթե պրովայդերների քանակը մեծանա, մրցակցությունն ու շուկան հարմար պայմաններ կստեղծեն հատկապես սպառողների համար:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG