Մատչելիության հղումներ

Փերինչեքի դատավճիռը կկայացվի ուրբաթ օրը


Գալիք ուրբաթ Շվեյցարիայի Լոզան քաղաքի դատարանը վճիռ կկայացնի Թուրքիայի աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի նկատմամբ, որը մեղադրվում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկ սկսված դատավարության մասին որոշ տեղեկություններ հաղորդեց դատարանում հայկական կողմը ներկայացնող Շվեյցարահայ միության համանախագահ Սարգիս Շահինյանը:

Թուրքական կողմը, Շահինյանի փոխանցմամբ, դատարան էր եկել պատրաստված` բերելով իր հետ վկաների` պրոֆեսորներ Նորման Սթոունին, Ջասթին ՄըքՔարթիին, Պաուլ Լայդենգերին եւ Ժան Միշել Թիբոյին: Վերջինս այն պատմաբանն է, որ ֆրանսիական Սենատի Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ օրինագծի ընդունումից հետո հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից եւ Թուրքիայի քաղաքացիություն էր խնդրել:

Հայկական կողմի փաստարկները դատարանում ներկայացնում էին Թեսսա Հոֆմանը, Իվ Թերնոնը եւ Ռայմոնդ Գեւորգյանը:

Սարգիս Շահինյանը ասաց, որ Փերինչեքի վկաները փորձում էին ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել, որ թուրքական կառավարությունը չէր կարող մի քանի ամսվա ընթացքում պլանավորել եւ իրականացնել ցեղասպանություն: Հայկական կողմը ներկայացնող պատմաբանները, բնականաբար, հակադարձել են իրենց փաստարկներով:

Դատավարությունը վերածվել է պատմական վիճաբանության, եւ դատավորները փաստորեն լսում էին պատմաբանների ներկայացրած փաստարկները:

Հարցին, թե կարող է կայացվելիք դատավճիռը դիտարկվել նաեւ որպես Ցեղասպանության հարցում դատավճիռ եւ դառնալ դատական նախադեպ, Շահինյանը պատասխանեց. - «Այո: Սակայն դա մեր նպատակը չէր»:

«Մենք ուզում էինք, որ զուտ շվեյցարական օրենսդրություն խախտումը դատապարտվեր», - շարունակեց նա: - «Սակայն մեր դիմացինները հնարավորություն տվին, որ այդ փուլը արդեն անցնի, եւ դա հասնի ոչ միայն պատմական վեճի հաստատման, այլ արդեն միջազգային դժվարության լուծման դաշտ: Դատավճիռը կկայացվի ուրբաթ օրը, եւ միայն այդ ժամանակ պարզ կդառնա, թե իրենք ինչ կարեւորություն կտան մեկ եւ մյուս կողմին»:

Փերինչեքը դեռեւս 2005 թվականի հուլիսին Լոզանում հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» է: Շվեյցարական օրենքը արգելում է որեւէ ցեղասպանության` այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը:

Պետական դատախազը պահանջել է 6 ամսվա ազատազրկման ենթարկել Դողու Փերինչեքին:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG