Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի արտաքին կողմնորոշումներին անդրադառնալով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր արձանագրել է. - «Արտաքին քաղաքական նախապատվությունների առումով հիմնական ջրբաժանը ներկայումս ոչ թե ռուսամետների ու արեւմտամետների մասին մեր ավանդական պատկերացումների, այլ հայամետ եւ արեւմտամետ ուժերի միջակայքում է։ Այսինքն՝ իշխող եւ ընդդիմադիր հիմնական ուժերի ռուսամետությունը նկատելիորեն չափավորվել է ու բալանսավորվել։ Սա վերաբերում է ե՛ւ կոալիցիոն ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին, ե՛ւ ընդդիմադիր ՀԺԿ-ին ու «Ազգային միաբանության»-ը»։ «Մի փոքր այլ է իշխանամետ մյուս ուժի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի վիճակը, որովհետեւ նա առաջին անգամ է մասնակցում քաղաքական պայքարին», գրել է վերլուծաբանն ու հավելել. - «Դատելով այս կուսակցության «քաղաքական ծագումնաբանությունից»՝ դժվար չէ եզրակացնել, որ թեեւ «Բարգավաճ Հայաստան»-ն իր հիմքում «ռուսամետ նախագիծ» է, բայց կոնկրետ քաղաքական նախապատվությունների առումով նույնպես գտնվելու է հայամետ ու հայաստանակենտրոն քաղաքականություն վարող ուժերի դաշտում»:

Գործարարներին որակելով քաղաքական ուժերի վարձկաններ` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն այսօրվա խմբագրականում փոխանցել է նրանց հավաքագրելու եւ Ազգային ժողովի մանդատ ապահովելու շարժառիթները. - «Գործարարները մեզ պետք են, որ մենք նրանց կանչենք, նրանք գան եւ կոճակ սեղմեն՝ մեր ուզած ձեւով: Իսկ թե ո՞րն է դրա համար գործարարների ստացած վարձը, դա էլ է քաջ հայտնի՝ հարկեր, մաքսատուրքեր չվճարելու, ջրի գնով ձեռնարկություններ, շինություններ, հողեր սեփականաշնորհելու եւ այլ ապօրինություններ գործելու դյուրությունը»: «Կոչել դա «քաղաքական թիմ»՝ մեծ չափազանցություն կլինի», - պնդել է գլխավոր խմբագիրն ու որակել. - «Դա պարզ գործարք է, որը չեղյալ է հայտարարվում այն պահից, երբ ապօրինություններ գործելու իշխանական «տանիքը» փլվում է: Վկա՝ նախկին ՕԵԿ-ական գործարարները, որոնք այս «սեզոնում» վարձվել են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ Կարապետիչի կողմից»:

Նույն թերթի տեղեկություններով, ընտրություններից հետո «ՀՀ վարչապետ է նշանակվելու ՀՀԿ խորհրդի անդամ Սերժ Սարգսյանը». - «Առողջապահության նախարարի պաշտոնում նշվում է երկու անուն, որոնք ընդգրկված են ԲՀԿ համամասնական ցուցակում՝ Հարություն Քուշկյան եւ Մխիթար Մնացականյան՝ Հայկական կարմիր խաչի նախագահ: Ֆինանսների նախարարի պաշտոնում ընտրություններից հետո կարող է նշանակվել ԲՀԿ անդամ, համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, իսկ գործող նախարար Վարդան Խաչատրյանն Ազգային ժողովում կգլխավորի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը թողնված է ԲՀԿ անդամ, համամասնական ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Արամ Իսաբեկյանին»:

Անդրադառնալով շախմատի օլիմպիական չեմպիոն Հայաստանի հավաքականի մարզիկների երեկվա հայտարարությանը, թե առաջիկա խորհրդարական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանը` «Հայք» թերթի խմբագրականը համեմատել է. - «Դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվի Բրազիլիայում կամ Իտալիայում, եթե այդ երկրների ֆուտբոլի հավաքականների անդամները խորհրդարանի ընտրություններից առաջ հանկարծ հայտարարեն, թե սատարում են այն կուսակցությանը, որի ղեկավարներից է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը»։ «Անկասկած, Իտալիայում եւ նույնիսկ Բրազիլիայում նման բան չի լինի, քանի որ որեւէ մեկը չի համարձակվի բոլորի համար սիրելի մարզիկներին դնել անհարմար վիճակի մեջ, չէ՞ որ, ասենք, Իտալիայի հավաքականին երկրպագում են թե Բեռլուսկոնիի, թե Պրպոդիի, թե կոմունիստների կողմնակիցները։ Երկրպագում են նաեւ անկուսակցականները», - փաստարկել է խմբագրականն ու տեղայնացրել. - «Հայաստանը ոչ Իտալիա է, ոչ Բրազիլիա։ Այստեղ անհարմար վիճակի մեջ են գցում ոչ միայն երկրի շարքային քաղաքացիներին, այլ նաեւ մարզիկներին, որոնց խաղով հիանում են թե անկուսակցականները, թե ՀՀՇ-ականները, թե ՀՅԴ-ականները եւ թե ՕԵԿ-ականները»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG