Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հրապարակել է 2006 թվականին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հերթական զեկույցը, որի` Հայաստանին վերաբերող հատվածում նշված է, որ «իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշը ցածր է»:

Պետդեպարտամենտը փաստում է, որ 2005 թվականի Սահմանադրության փոխոխությունների հանրաքվեի, ինչպես նաեւ 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում «եղել են լուրջ խախտումներ, քվեարկությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»:

«Քաղաքացիական իշխանությունները հիմնականում վերահսկում են անվտանգության կառույցների աշխատանքը, անվտանգության համակարգի ծառայողների կողմից գրանցվել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր: Իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշը ցածր է, լուրջ խնդիրները պահպանվում են», - ասված է զեկույցում: - «Քաղաքացիներն ի զորու չեն ազատ փոխել իշխանությունը: Իշխանությունների կողմից եղել են ապօրինի ձերբակալություններ, բանտերում եւ նախնական կալանքի վայրերում նեղվածություն է եւ անառողջ պայմաններ»:

Այնուհետեւ զեկույցի հեղինակները նշում են, թե «իշխանությունները սահմանափակել են քաղաքացիների մասնավոր կյանքի, մամուլի եւ ժողովների ազատությունը». - «Լրագրողները կիրառում են ինքնագրաքննություն, իշխանությունները եւ օրենքները սահմանափակում են կրոնական ազատությունները: Կան կանանց նկատմամբ բռնության դեպքեր, մարդկանց ապօրինի փոխադրման՝ թրաֆիքինգի, հաշմանդամների հանդեպ խտրականության, ինչպես նաեւ համասեռականների հալածանքների երեւույթներ: Կան մարդկանց ուժով շահագործելու մասին հաղորդագրություններ»:

Զեկույցում ասվում է, որ տարվա ընթացքում արձանագրվել է որոշ առաջընթաց: 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում դատական իշխանությունների անկախությունը որոշ չափով աճել է, քաղաքացիները ստացել են անձամբ Սահմանադրական դատարան դիմելու իրավունք:

Թրաֆիքինգի համար ավելի խիստ պատիժ է կիրառվում, դատարանները ֆինանսական եւ քրեական պատասխանատվության են ենթարկում թրաֆիքինգի կազմակերպիչներին:

Զեկույցում նշվում է, որ «կառավարությունը քաղաքական դրդապատճառներով սպանությունների մեջ ներքաշված չէ» եւ որ, ի տարբերություն 2005 թվականի, «ոչ կառավարությունը եւ ոչ էլ իրավապաշտպանները չեն հաղորդել հալածանքների եւ ստորացումների հետեւանքով քաղաքացիների մահվան դեպքերի մասին»:

Զեկույցում նշված են բանակում սպայական կազմի կողմից շարքայինների հանդեպ բռնության դեպքեր: Նկարագրվում է դեպք, երբ սպայի կողմից ծեծի ենթարկված զինվորը հետագայում մահացել է հիվանդանոցում. - «Ըստ հաղորդված վարկածի, նա մահացել է քաղցկեղից: Բռնություն կիրառած սպան դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման»:

«Կան հաղորդագրություններ, որոնց համաձայն, ոստիկանները քաղաքացիներին ձերբակալելու եւ նախնական կալանքի ենթարկելու ընթացքում բռնություններ են կիրառել: Իրավապաշտպանների եւ հասարակական կազմակերպությունների փոխանցմամբ, ոստիկանության կողմից բռնությունների ենթարկված մարդիկ շատ դեպքերում հրաժարվել են դիմել դատական ատյաններ, քանի որ վախեցել են ոստիկանների վրեժխնդրությունից», - գրում են զեկույցի հեղինակները:

Ի տարբերություն 2005 թվականի, 2006-ին չեն գրանցվել ոստիկանների կողմից ընդդիմության ակտիվիստներին ծեծի ենթարկելու դեպքեր:

Նշվում է, որ թեեւ Հայաստանի Սահմանադրությունը արգելում է կտտանքները եւ բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, այնուհանդերձ անվտանգության ուժերը շարունակում են կիրառել այս մեթոդները. - «Ականատեսները շարունակում են բազմաթիվ դեպքեր հայտնել, երբ ոստիկանությունը ծեծի է ենթարկում քաղաքացիներին ձերբակալության եւ հարցաքննության ժամանակ: Ռչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունները նման դեպքերի մասին մեղադրանքներ են ներկայացրել»:

«Սոցիալական նորմերը եւ ոչ պատշաճ կենցաղային պայմանները զինված ուժերում պատճառ են դառնում զինվորական գործողությունների հետ անմիջական առնչություն չունեցող չարաշահումների եւ վնասվածքների: Հավաստի եւ թարմ ընդարձակ տեղեկություններ զորակոչիկների նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերությունների մասին չկան: Սակայն զինվորները հաղորդել են մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին, որ զինվորականների նկատմամբ հալածանքները եւ ստորացումները շարունակվել են», - ասված է զեկույցում:

«Քաղաքական բանտարկյալներ եւ ձերբակալվածներ» բաժնում զեկույցի հեղինակները նշում են «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի անունը, որը 3,5 տարվա ազատազրկման ենթարկվեց փաստաթղթեր կեղծելու եւ զինծառայությունից խուսափելու մեղադրանքով: Թեեւ Բաբաջանյանը ընդունել է իր հանցանքը, այնուհանդերձ, ինչպես նշում է պետդեպարտամենտի մարդու իրավունքների տարեկան զեկույցը, նրա նկատմամբ դատավճիռը «սովորականից ավելի խիստ էր»: «Այս մեկ դեպքից բացի, Հայաստանում քաղբանտարկյալի մասին այլ հաղորդում չկա», - նշված է զեկույցում:

Զեկույցը նշում է նաեւ լրագրողների նկտամամբ հալածանքների եւ սպառնալիքների մի քանի դեպքերի մասին: Հիշատակվում է անկախ հետաքննող լրագրող էդուարդ Բաղդասարյանի անունը, որը հայտնել է, թե «նորաստեղծ կուսակցության վերաբերյալ իր կայքում քննադատական հոդվածներ հրապարակելուց հետո, նա սպառնալից նամակներ է ստացել»: Նշվում է նաեւ լրագրող Գագիկ Շամշյանի վրա կատարված հարձակման մասին, ինչպես նաեւ այլ նման միջադեպերի մասին: Հերթական անգամ նշվում է, որ «Ա1+»-ը տակավին զրկված է եթերից:

Քաղաքական ազատությունների մասով զեկույցում կրկին հիշատակվում են նախորդ ընտրությունները, ինչպես նաեւ 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն: Նշվում է, որ այդ բոլոր քվեարկությունները տեղի են ունեցել «խախտումներով, ընտրությունները անցկացվել են միջազգային չափանիշներից շատ ցածր մակարդակով»:

Պետքարտուղարության զեկույցը, նշելով, որ ընդդիմության նկատմամբ հալածանքներ են եղել` վկայաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանյություն» կուսակցությանը գրասենյակից վտարելու դեպքը:

Նշվում է, որ այն բանից հետո, երբ «Օրինաց երկիր»-ը դուրս եկավ կոալիցիայից, կուսակցությունը կորցրեց շատ անդամների: Զեկույցը վկայաբերում է Արթուր Բաղդասարյանին, որը պնդել է, թե «նախագահական գրասենյակից ճնշում են գործադրել իր կուսակցության անդամների վրա, որպեսզի նրանք հեռանան կուսակցությունից. այլապես նրանց սպառնացել են զրկել բիզնեսից եւ աշխատանքից»:

«Կառավարության կոռուպցիան եւ թափանցիկությունը» բաժնում նշվում է, որ կոռուպցիան Հայաստանում համատարած երեւույթ է: Հարցումները վկայում են, որ շարքային մարդկանց տեսակետից կոռուպցիան երկրի առջեւ ծառացած ծանր հարցերի շարքում գրավում է երրորդ տեղը` զիջելով միայն տնտեսական բարդություններին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Տարածված հասարակական տեսակետ կա, որն արտացոլված է մամուլում եւ քաղաքական գործիչների ելույթներում, որ օլիգարխների փոքրաթիվ էլիտան հսկայական ազդեցություն ունի երկրում», - նշված է Պետդեպարտամենտի զեկույցում:


Հրայր Թամրազյան եւ Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG