Մատչելիության հղումներ

Թուրքիայում կտրուկ կերպով աճել է Ֆրանսիան բացասաբար ընկալողների թիվը


BBC-ի պատվերով բրիտանական Global Scan ընկերության անցկացրած հարցման արդյունքներով, անցած տարվա համեմատությամբ Թուրքիայում 30 տոկոսով աճել է Ֆրանսիայի գործելաոճը բացասաբար գնահատողների թիվը` հասնելով 69 տոկոսի:

Այս ցուցանիշը, ըստ սոցիոլոգների, պատահական չէ: Անցնող տարվա ընթացքում էր, որ ֆրանսիացի քաղաքական գործիչները կտրականապես ընդդիմացան Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցությանը: Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը:

Հարցումն է անցկացվել աշխարհի 27 պետություններում` ընդգրկելով 28 հազար մարդ: Հետազոտության նպատակն էր` պարզել, թե շարքային քաղաքացիները տարբեր երկրներում ինչպես են ընկալում համաշխարհային քաղաքականության առաջատար դերակատարներին:

Հարցման հավաստիությունն ապահովելու նպատակով բրիտանացի սոցիոլոգները ընտրել են տարբեր կենսամակարդակ ու ժողովրդավարության տարբեր մակարդակ ունեցող պետություններ բոլոր մայրցամաքներում` Քենիայից ու Թուրքիայից մինչեւ Մեծ Բրիտանիա ու Չինաստան:

Հետազոտության արդյունքները վկայում են, որ աշխարհում ամենաբացասական իմիջն ունեն Իսրայելն ու Իրանը` 56-ական տոկոս: Երրորդ տեղում` 51 տոկոս ցուցանիշով, Միացյալ Նահագներն են:

Դրական վերաբերմունքի առումով բավական անսպասելիորեն առաջատար են դարձել Ճապոնիան ու Կանադան: Այս պետություններին առանձնակի համակրանքով են վերաբերում հատկապես Ինդոնեզիայի ու Միացյալ Թագավորության բնակիչները: Դրական արձագանքի է արժանացել նաեւ Ֆրանսիան: Միայն Թուրքիայի բնակիչներին է, որ Փարիզի վարած քաղաքականությունը նյարդայնացնում է:

Նշենք նաեւ, որ աշխարհում բավական բացասական է նաեւ Ռուսաստանի իմիջը: Global Scan-ի հարցման համաձայն, ողջ աշխարհում Ռուսաստանին բացասաբար է վերաբերում հարցվածների 40 տոկոսը: Այս առումով առաջատարը ֆրանսիացիներն են: Այստեղ Ռուսաստանին քննադատաբար վերաբերողները կազմում են 77 տոկոս:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG