Մատչելիության հղումներ

«Ռեալնի Ազերբայջան»-ի խմբագրին դատի են տալիս «Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը վիրավորելու» համար


Փախստականների եւ բռնի տեղահանվածների օգնության միության նախագահ Տատյանա Չալաձեն դատի է տվել «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւին՝ նրան մեղադրելով «Խոջալուի ողբերգության զոհերի հիշատակը վիրավորելու» համար:

«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ, Չալաձեն պնդում է, թե Ֆաթուլաեւը ինտերնետային տարբեր ֆորումներում հայտարարել է, որ Խոջալուի բնակիչների մի մասին սպանել են հենց ադրբեջանցիները, որոնք էլ այլանդակել են զոհվածների դիակները:

Չալաձեն անդրադարձել է նաեւ Ֆաթուլաեւի կողմից մի քանի տարի առաջ հրապարակված «Ղարաբաղյան օրագրին»՝ խմբագրին անվանելով «հայկական հետախուզության ազդեցության գործակալ»:

Ինչպես հաղորդել է «Կավկազսկի ուզել» պարբերականը, Ֆաթուլաեւի գործը դատարանում լսվելու է մարտի 15-ին:

Միաժամանակ, ԵԱՀԿ-ի Մշտական հանձնաժողովը դատապարտել է «Ռեալնի Ազերբայջան»-ի խմբագրի նկատմամբ վերջերս տեղ գտած հարձակումները՝ պահանջելով անհապաղ վերջ դնել նման գործողություններին:

Մարտի 3-ին շուրջ 100 փախստականներ ցույց էին անցկացրել թերթի խմբագրատան դիմաց՝ շենքի ուղղությամբ հավկիթներ նետելով: Այդ քայլով նրանք իրենց վրդովմունքն էին արտահայտում Խոջալուի դեպքերի նկատմամբ խմբագրի դիրքորոշման դեմ:

Հայկական կողմը կտրականապես հերքում է ադրբեջանցիների պնդումները 1992 թվականի փետրվարին Խոջալուում հայերի կողմից գործադրված «ցեղասպանության» վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG