Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը անհանգստացած է ցեղասպանության բանաձեւի դեմ թուրք պաշտոնյաների քարոզչությամբ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը անհանգստացած է ԱՄՆ-ի Կոնգրեսում ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի դեմ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվող քարոզչության կապակցությամբ:

Օսկանյանը, որը երկուշաբթի օրը Վաշինգտոնում էր՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ կոնգրեսականների հետ հանդիպելու նպատակով, «Ասոշիեյթեդ փրես» գործակալության հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը իրեն պարտավորված է զգում քննարկել ցեղասպանության բանաձեւի հարցը՝ դրա ընդունման դեմ Թուրքիայի հրապարակային նախազգուշացումների պատճառով:

«Կառավարությունները պետք է հեռու մնան այդ հարցերին միջամտելուց: Սակայն երբ քննարկվում են Հայաստանի շահերին առնչվող հարցեր, մենք չենք կարող՝ որպես կառավարություն, անտարբեր մնալ, հատկապես կառավարական մակարդակով Թուրքիայի իրականացրած քարոզչության լույսի տակ», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը:

Վերջերս Վաշինգտոն այցելած թուրք պաշտոնյաները, այդ թվում՝ արտգործնախարար Աբդուլա Գյուլը, զգուշացրել էին, թե Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը վնաս կհասցնի թուրք - ամերիկյան հարաբերություններին:

Վարդան Օսկանյանի խոսքերով, թուրքական կողմի զգուշացումները ցեղասպանության հարցում Թուրքիայի որդեգրած դիրքորոշման քննադատներին լռեցնելու փորձ են արտերկրում, ինչպես երկրի ներսում դա արվում է Քրեական օրենսգրքի միջոցով:

«Այժմ թուրքերը ուղեւորվում են՝ պատժելու Միացյալ Նահանգներին, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը համարձակվի բարձրաձայնել ցեղասպանության մասին», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Օսկանյանը հայտնել է, որ բանաձեւի հարցը քննարկել է պետքարտուղար Ռայսի հետ երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, որի օրակարգում են եղել նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններն առհասարակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները Ադրբեջանի հետ եւ մայիսին Հայաստանում անցկացվելիք ընտրությունների նախապատրաստման հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG