Մատչելիության հղումներ

Ախալքալակի շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների պաշտոններին հավակնող 94 թեկնածուներից միայն 9-ն են թեստավորման ժամանակ հաջողության հասել, որոնցից 8-ը ազգությամբ վրացի են: Դրա հիմնական պատճառներից է Վրաստանի կրթության նախարարության ներկայացրած՝ 120 բառից վրացերեն տեքստ կազմելու պահանջը, ինչը զգալիորեն նվազեցնում է այլազգի հավակնորդների շանսերը:

«Փաստորեն, ստացվում է, որ ովքեր տիրապետում են վրացերենին՝ կարող են դառնալ հայկական դպրոցների տնօրեններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ընդգծեց չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավարներից Դավիթ Ռստակյանը:

Նման իրավիճակ ստեղծվել է ոչ միայն Ջավախքում: Ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլի տարածաշրջանում գործող դպրոցների տնօրենների թեստավորման արդյունքում երկրորդ փուլ անցած 130 թեկնածուներից միայն 7-ն են ադրբեջանցի:

Ռստակյանը հայտնեց, որ Վրաստանի կենտրոնական իշխանությունները բացառել են տեղական կառավարման մարմինների որեւէ դերակատարություն դպրոցների ղեկավարների նշանակման գործում:

Վրաստանի կառավարությունը կրթության ֆինանսավորումը ամբողջապես դրել է կենտրոնական իշխանությունների վրա, ինչը, ըստ Դավիթ Ռստակյանի, «միտումնավոր է արված, որովհետեւ եթե տեղական ինքնակառավարման մարմինները այդպիսի ֆունկցիա ունենային, կարող էին կրթական խնդիրները ինքնուրույնաբար տնօրինել, մասնավորապես, Ջավախքում»:

Նա նշեց, որ ստեղծված կացությունը առաջիկա օրերին կքննարկի նաեւ Ախալքալակի շրջանային խորհուրդը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG