Մատչելիության հղումներ

Եվրամիությունը սպառնում է առավել խիստ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ


Երեկ Եվրամիության արտաքին գործերի նախարարները Բրյուսելում հայտարարել են, որ «անհրաժեշտ վճռականությամբ» շարունակելու են աշխատանքը Իրանի նկատմամբ լրացուցիչ՝ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու եւ դրանք իրագործելու ուղղությամբ:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Եվրամիությունը միաժամանակ «տեղ է թողնում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար»:

Եվրամիության արտգործնախարարները հրապարակել են այդ հայտարարությունը, երբ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամադ Էլ-Բարադեին խիստ քննադատության է ենթարկել Թեհրանի դիրքորոշումը՝ նշելով, որ բանակցություններում առաջընթաց չկա:

Մարտի 1-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հերթական անգամ հավաստիացրել է, թե «Իրանի միջուկային ծրագիրը միանգամայն օրինական է, խաղաղ նպատակ ունի եւ իրականացվում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո»:

Էլ-Բարադեիի ղեկավարած գործակալությունը մինչեւ այս շաբաթավերջ կընդունի Իրանի էներգետիկ ծրագրերին ցուցադրվող տեխնիկական օժանդակությունը կրճատելու որոշում, ինչպես նաեւ քննության կառնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների բանաձեւի օրինագիծը, որի քվեարկության ժամկետը տակավին հայտնի չէ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG