Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երկվություններ» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. այստեղ իրար դեմ պատգամավորի թեկնածու են առաջադրվել Հակոբ Հակոբյանը եւ Հակոբ Հակոբյանը: Թե նրանցից որն է Հակոբ Հակոբյանը, դժվար է ասել: Նրանք երկուսն էլ 1963 թվականի ծնված են, երկուսն էլ ՀՀԿ անդամ են, երկուսն էլ առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ: Ի դեպ, Հակոբ Հակոբյանը ԱԺ պատգամավոր է, իսկ Հակոբ Հակոբյանը` Արաբկիրի թաղապետի օգնական, եւ մայիսի 12-ին նրանք պետք է պարզեն, թե ո՞վ է իսկական եւ ո՞վ՝ լժե Հակոբ Հակոբյանը»:

«Եթե մի կողմ դնենք ընտրացուցակների, տոկոսներ բաժանելու եւ բթամիտ պաշտոնյաների ու «գործարարների» իրար միս ուտելու մանր-մունր խնդիրները, ապա Հայաստանի քաղաքական օրակարգում երկու հիմնական խնդիր կա. Ղարաբաղյան հարցի լուծումը եւ կլանային-օլիգարխիկ համակարգի խաղաղ, անցնցում վերափոխումը նորմալ շուկայական հարաբերությունների», - փոխանցել է այսօր «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն ու նկատել.- «Նախընտրական բանավեճի մտավոր մակարդակն այնքան ցածր է, որ այս հարցերի վերաբերյալ լուրջ խոսակցություն չկա եւ չի լինելու: Առաջին հարցի վերաբերյալ չի խոսվում նաեւ այն պատճառով, որ ոչ մի քաղաքական ուժ չի ուզում կրել «դավաճանի», «Ղարաբաղը ծախողի» խարանը: Երկրորդ խնդրի մասին մի քիչ խոսում է ընդդիմությունը, բայց հետեւյալ շեշտադրմամբ՝ հենց որ Քոչարյանն ու Սերժը գնացին, այդ համակարգը վերանալու է: Դրան հավատում են, ի դեպ, համակարգի հիմնասյուներ հանդիսացող օլիգարխները, որոնք «ինքնըստինքյան» կառչել են այդ երկու անձանցից»:

«Հիմա արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական առաջիկա ընտրությունները ոչ մի դեպքում լեգիտիմ համարվել չեն կարող», - արձանագրել է «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը՝ փաստարկելով. - «Ոչ թե այն պատճառով, որ ենթադրում ենք, որ մայիսի 12-ին մարդկանց ահաբեկելու են, կարուսել են անելու, լցոնումներ են իրականացնելու։ Խնդիրն այն է, որ արդեն հինգ-վեց ամիս մեր բոլորի աչքի առաջ տեղի է ունենում շատ ավելի լուրջ եւ շատ ավելի մասշտաբային լցոնում. լցոնվում են մարդկանց ուղեղները: Հեռուստաեթերը, ըստ էության, լցված է իշխանական ուժերի անթաքույց գովազդով։ Ընդ որում, գովազդվում են ոչ թե այդ ուժերի գաղափարները, այլ այն գործունեությունը, որը նորմալ պայմաններում պետք է հիմք դառնա խորհրդարանական ընտրություններին նրանց մասնակցությունը արգելելու համար։ Խոսքը ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին է, որից զերծ չի մնացել իշխանական եւ մերձիշխանական եւ ոչ մի ուժ»։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններին անդրադառնալով` «Սոցիոմետր» անկախ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում, մասնավորապես, նկատել է. - «Այս ընտրությունները յուրատեսակ փորձաքար է, որի արդյունքներից էլ կախված կլինի՝ ով, քաղաքական ո՛ր ուժն ինչ ակնկալիք կարող է ունենալ 2008 թվականի ընտրություններից կամ ինչի վրա կարող է հույս դնել։ Եթե ընդդիմությունը հանդես գար միասնական դաշինքով կամ ունենար մեկ-երկու ընդգծված առաջնորդ, ակնհայտ է, որ հենց նրանք էլ 2008-ին կարող էին հավակնել նախագահի այլընտրանքային թեկնածուի դերին։ Բայց մեզանում փոքր կուսակցությունները միշտ մեծ հավակնություններ են ունեցել։ Այդ չափազանցված հավակնություններն էլ ընդդիմությանը թույլ չտվեցին միավորվել, ինչը բավականին թուլացնում է նրանց դիրքերը»։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծագումնաբանությանը եւ համամասնական ցուցակին` «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանն այսօր շեշտադրել է. - «Այս նախընտրական նախագիծը» ըստ սահմանման չէր կարող վառ արտահայտված քաղաքական բովանդակություն ունենալ, քանի որ այն ստեղծվել է ոչ թե հանուն այդ բովանդակության, այլ ավելի կարեւոր ու հեռանկարային մեկ այլ նախագծի օժանդակության համար։ Եվ եթե «Բարգավաճ Հայաստան»-ի ճարտարապետը իր առաջ խնդիր դներ ստեղծել երրորդ հազարամյակին համապատասխան քաղաքական միավոր, ապա դա կլիներ բոլորովին այլ կուսակցություն եւ բոլորովին այլ ընտրացուցակ։ Սակայն, նման նպատակ չի եղել: Եղել է այլ նպատակ. ստեղծել սպասարկող նշանակության կառուցվածք, ընդ որում, այսօր նույնիսկ ոզնուն է հասկանալի, երբ եւ ում է նա սպասարկելու»։

«Իրավունք»-ի խմբագրականը, անդրադառնալով ապագա իշխանության մեջ մեծամասնության հավակնություն ունեցող կուսակցությունների ընտրացուցակներին, այսօր կանխատեսել-գնահատել է. - «Եթե նկատի ունենանք, որ հնարավոր է խորհրդարանը գերակայություն ունենա ապագա նախագահի նկատմամբ կառավարության ձեւավորման հարցում, ապա Քոչարյանն ու իր շրջապատը այս ճանապարհով կարող են ավելի կոշտ վերահսկողություն հաստատել քաղաքական գործընթացների վրա, քան նախկինում։ Եվ արդյունքում այդ գործընթացները կբերեն վերջնական դեֆորմացիայի, քաղաքական դաշտի լղոզման, ինչն իր հերթին ենթադրում է երկրի անցումը արեւելյան ֆեոդալիզմին բնորոշ կառավարման»։

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկությունների համաձայն, օրերս Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը ընտրություներին անմիջապես առնչվող հանձնարարականներ է տվել իր ստորադասներին. - «Հանձնարարականի էությունն այն է, որ ԱԱԾ աշխատակիցները իրենց հսկողության տակ պահեն ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին, նրանց անդամներին ու համակիրներին»։ Թերթի փոխանցմամբ` Ազգային Անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում են հայտնվել «հատկապես ընդդիմադիր եւ անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչները». - «ԱԱԾ պետի հրամանով օպերատիվ հսկողության տակ են վերցված «Հայկական ժամանակ», «Հայք», «Առավոտ», «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ-Երեւան» թերթերի, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները»։

«Առավոտ»-ը «Կան նաեւ անձնագրի՞ «գոլդ» համարներ» վերնագրի ներքո փոխանցում է. - «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ե’ւ մեքենայի, ե’ւ հեռախոսի համարները 8-երով են, եւ այս շարքում բացառություն չէ նաեւ նրա անձնագրի համարը` AG 0588888: Ցուցակի 4-րդ համարի` Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի անձնագրի համարն էլ է «գոլդ»` AH 0230004: Անձնագրի նման համար ունի նաեւ 6-րդը`«Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանը՝ AH 0500000: Կուսակցության ցուցակում այլոց անձնագրերի համարներից էլ է զգացվում նրանց «բարգավաճ» լինելը»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG