Մատչելիության հղումներ

Լրացավ «Ազդակ»-ի 80-ամյակը


Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթն այսօր նշում է 80-ամյակը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ազդակ»-ի խմբագրապետ Շահան Քանդահարյանն ասաց, որ սկզբնական շրջանում թերթը լույս է տեսել շաբաթը երեք անգամ, աստիճանաբար դարձել է օրաթերթ, եւ այսօր թերթի տպաքանակը 5 հազար է:

Խմբագրապետի խոսքերով, թերթի էլեկտրոնային տարբերակի ընդգրկումը շատ ավելի լայն է. շնորհիվ «Ազդակ»-ի կայքէջի, աշխարհի բոլոր մայրցամաքներում բնակվող ընթերցողները կարող են ամեն օր ծանոթանալ թերթի հաղորդագրություններին: Բացի այդ, «Ազդակ»-ը սկսել է ծրագրեր իրականացնել այսպես կոչված «մուլտի-մեդիա»-ի դաշտում. խոսքն ինտերնետով ռեպորտաժներ հեռարձակելու հնարավորության մասին է:

Ո՞րն էր թերթը ստեղծելու նպատակը: 1927 թվականի մարտի 5-ին «Ազդակ»-ում հրապարակվել է անդրանիկ խմբագրականը, որը վերատպվել է 2007-ի մարտի 5-ի համարում. - «Այսօր ոչ ոք կրնայ ժխտել, որ շնորհիւ հայ մամուլին է, որ ամերիկահայութիւնը կրցած է պահել ազգային դիմագիծը: Այլապէս, առանց այդ մամուլին եւ զանոնք հովանաւորող հոսանքներուն, դժուար թէ ճանչնայինք այսօր ամերիկահայ գաղութին դէմքը: Պեսարապիոյ եւ Լեհաստանի հոծ գաղութները այլեւս պատմութեան կը պատկանին: Նոյն վտանգն է մեր դիմաց իր ահաւոր մերկութեամբ, բոլոր գաղութները իրենց արժանի պատասխանը տուած են այս հարցին»:

Շահան Քանդահարյանի փոխանցմամբ, թերթի նպատակն է ծառայել հայապահպանության խնդրին, ընթերցողին անաչառ տեղեկություններ հաղորդել Հայաստանում, Լիբանանում եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում տեղի ունեցող կարեւոր զարգացումների մասին: Նա վստահեցնում է, որ ունենալով համապատասխան քաղաքական դիրքորոշում, «Ազդակ»-ը հավատարիմ է բազմակարծության սկզբունքներին եւ իր էջերում արտահատում է բոլոր տեսակետները:

«Ազդակ»-ը Հ3Դ Լիբանանի կենտրոնական կոմիտեի պաշտոնաթերթն է, բայց դա որեւէ կերպ չի խանգարում, որ այն լինի գաղութի հայկական թերթը եւ որպես այդպիսին ընկալվի գաղութի զանազան շրջանակների կողմից», - ասաց Շահան Քանդահարյանը` հավելելով. - «Իր քաղաքական-գաղափարական ուղեգիծն ունենալով, «Ազդակ»-ը ներառում է քաղաքական այլ հայացքներ ունեցող հասարակական կազմակերպությունների եւ կուսակցությունների գործունեության մասին լրատվություն»:

Շահան Քանդահարյանի փոխանցմամբ, «Ազդակ»-ի 80-ամյակի առիթով նախատեսված են հանդիսավոր միջոցառումներ՝ ցուցահանդես, «Հայ մամուլի խնդիրները» թեմայով սեմինար, տոնական երեկո: Պաշտոնական ցանկ, սակայն, չի հրապարակվում, քանի որ այդ բոլոր միջոցառումների անցկացումը կախված է Լիբանանի ներքաղաքական իրավիճակից. - «Երկրում անկայուն կացություն է, մեծ թվով մարդկանց մասնակցություն ենթադրող որեւէ միջոցառում ձեռնարկելիս հարկ է նախ եւ առաջ հաշվի առնել անվտանգության խնդիրը»:

«Բայց հուսով ենք, որ այդ ծրագրերն անպայման կիրանանանան, եւ գոնե գաղութի մակարդակով կլինի մեծ ընդգրկվածություն, տարբեր շրջանակների ներկայացուցիչներ կմասնակցեն մեր միջոցառումներին», - եզրափակեց նա:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG