Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան. «Ընտրությունների ժամանակ մենք ակտիվորեն մասնակցելու ենք»


Վազգեն Մանուկյանի գլխավորած Ազգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) թեեւ ոչ դաշինքով, ոչ էլ առանձին համամասնական ցուցակով թեկնածուներ չի առաջադրելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այդուհանդերձ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց ԱԺՄ-ի նախագահը, «ակտիվորեն մասնակցելու է ընտրություններին»` տարբեր ընտրատարածքներում պաշտպանելով տարբեր ընդդիմադիր գործիչների:

Պարզաբանելով ԱԺՄ-ի որոշումը` Մանուկյանը ասաց, թե ընտրվելիք խորհրդարանը «քաղաքական մարմին չի լինելու» եւ «ոչ մի վճռորոշ նշանակություն էլ չի ունենալու»:

«Ամեն անգամ Ազգային ժողով է ընտրվում, եւ կամաց-կամաց այդ Ազգային ժողովը դառնում է ոչ քաղաքական մարմին: Հայաստանը հիմա գտնվում է մի ճահճի մեջ: Այս ընտրությունները հնարավո՞ր է օգտագործել այնպես, որ իրավիճակը փոխվի: Այդ իրավիճակի փոփոխության համար ընդդիմության որոշակի կոնստրուկցիա էր պետք. մեզ չհաջողվեց այդ կոնստրուկցիան կազմակերպել: Իսկ դառնալ ուղղակի պատգամավոր այսպիսի Ազգային ժողովում` ոչ պատվաբեր է, ոչ էլ իմաստալից է», - ասաց նա:

Մանուկյանը անդրադարձավ նաեւ 2008 թվականի նախագահական ընտրություններին. - «Եթե մինչեւ հիմա կասկած ունեի, [ապա հիմա] ես անպայման իմ թեկնածությունը դնելու եմ: Ես գիտեմ, որ այս իշխանությանը, առանց մեծամտության ասեմ` եթե հաղթող անձ պետք է լինի, դա ես պետք է լինեմ: Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե շուրջդ ստեղծվի համապատասխան թիմ, մարմին, վստահություն, գաղափարներ, սկզբունքներ»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG