Մատչելիության հղումներ

Շվեյցարացիները քննադատում են արդարադատության նախարարի հանդիպումը թուրք պաշտոնակցի հետ


Շվեյցարիայում խիստ քննադատության տեղիք են տվել այդ երկրի արդարադատության նախարար Քրիսթոֆ Բլոխերի հանդիպումները Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքի հետ, որոնք կայացել են ցեղասպանությունն ուրանալու համար մեղադրվող՝ Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի դատավարության նախօրեին:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ՝ Չիչեքի հետ Բլոխերը հանդիպել է ուրբաթ եւ շաբաթ օրերին:

Կանաչների կուսակցությունից Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ուելի Լոյենբերգերը «Թագես-Անցայգեր» թերթի հարցազրույցում այդ հանդիպումները որակել է «սկանդալ», իսկ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր, Շվեյցարա-հայկական պատգամավորական բարեկամության խմբի անդամ Դոմինիկ դը Բյումանը՝ «սադրանք»:

Արդարադատության նախարարների հանդիպումից մեկ օր անց Փերինչեքը ժամանել է Շվեյցարիա՝ դատարանի առջեւ կանգնելու 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար, ինչը նա արել էր երկու տարի առաջ Լոզանում թուրքերի հավաքներից մեկի ժամանակ:

2003 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչից հետո թուրք - շվեյցարական հարաբերություններում լարվածություն է առաջացել:

Անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ Շվեյցարիայի արդարադատության նախարարը հայտարարել էր, թե իր երկրում գործող օրենքը, որը պատիժ է նախատեսում «ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու կամ այն արդարացնելու» համար, պետք է փոխվի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG