Մատչելիության հղումներ

Խորհրդարանում կանանց ընդգրկվածության ցուցանիշով Հայաստանը 189 երկրների ցանկում 123-րդն է


«Կանայք խորհրդարանում» զեկույց է հրապարակել Խորհրդարանական միջազգային միությունը` ներկայացնելով ցանկ, թե 2006 թվականի տվյալներով, աշխարհի երկրների խորհրդարաններում կանայք քանի տեղ ունեն: 189 երկիր ընդգրկող ցանկում Հայաստանը 123-րդն է. երկրի խորհրդարանի 131 մանդատներից միայն 7-ն է բաժին հասել կանանց, որոնք պատգամավորների թվի 5,3 տոկոսն են կազմում:


ԱՊՀ-ի երկրներից այս ցուցանիշով Հայաստանից հետո միայն Ղրղըստանն է, որտեղ ընդհանրապես կին պատգամավոր չկա:

Ղրղըստանից բացի, եւս 8 երկրի խորհրդարաններում պատգամավոր կին չկա` Սաուդյան Արաբիա, Քաթար եւ էլի մի քանի մահմեդական փոքր երկրներ, որոնք եզրափակում են ցուցակը:

Հայաստանի անմիջական հարեւաններից Ադրբեջանը 89-րդ տեղում է, իսկ Վրաստանը` 99-րդ:

ԱՊՀ-ի երկրների շարքում ամենամեծ թվով կին պատգամավորներ ունի Բելառուսը. այս երկրի խորհրդարանի 29 տոկոսը կանայք են:

Ցուցակի առաջին տեղում Ռուանդան է, որտեղ 80 պատգամավորից 39-ը կամ 48 տոկոսը կանայք են:

Երկրորդ տեղում է Շվեդիան, ուր պատգամավորների 47 տոկոսն են կանայք, ապա հաջորդում են Կոստա Ռիկան, Ֆինլանդիան, Բելգիան, Դանիան, Նիդերլանդները:

Ընդհանուր առմամբ, աշխարհի երկրների բոլոր խորհրդարաններում միասին վերցրած՝ կանայք 17 տոկոս են կազմում, ընդ որում՝ 10 տարի առաջ այդ ցուցանիշը 11 տոկոս էր: Այս տեմպերի պահպանվելու դեպքում 2077 թվականին տղամարդիկ եւ կանայք խորհրդարաններում հավասարապես ներկայացված կլինեն:

Հայաստանի առաջիկա` մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակներում 344 կին է ընդգրկված` գրեթե 30 տոկոսը, իսկ մեծամասնականով 173 թեկնածուներից ընդամենը 9-ն է կին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG