Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 3-ը մարտի)

Ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական վարքագիծը քննելով՝ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը հանգել է «պրագմատիկ եզրակացության». - «Այն կուսակցությունները, որոնք կարծում են, որ կհաղթահարեն 5-տոկոսանոց արգելքը, շահագրգռված չեն որեւէ մեկի հետ միավորվել։ Եվ հակառակը՝ նրանք, ովքեր գիտեն, որ միայնակ հաջողություն չեն ունենա, բնականաբար, ձգտում են միավորում կազմել կամ «շիթիլվել» այս կամ այն անցողիկ կուսակցությանը»։ «Այդ ի՞նչ բարձրագույն մաթեմատիկա է, որ դրա մասին այդքան վիճում են։ Համախմբման պետք է ձգտեին նրանք, ովքեր գիտեն, որ նման ռեսուրս չունեն», - գրել է խմբագիրը՝ բխեցնելով. - «Բայց այն որ դա տեղի չունեցավ, ամենեւին էլ սարսափելի չէ. կուսակցությունները կարող են հրաշալիորեն համագործակցել տարբեր ընտրացուցակներում ընդգրկվելով»։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում արմատական ընդդիմության անխուսափելի պարտություն կանխատեսելով՝ «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականը շեշտադրել է. - «Այսօր բոլորն իրենց պարտքն են համարում ամպագոռգոռ հայտարարություններ անել այն մասին, որ եթե ընտրությունների արդյունքները կեղծվեն, ապա իրենք կառաջնորդեն մարդկանց փողոց։ Սակայն եթե անգամ արմատականները փորձեն տանել մարդկանց բարիկադներ, ապա մոտները ոչինչ չի ստացվի»: «Իրականում նրանք պարզապես չունեն արտախորհրդարանական գործողությունների պատրաստ զանգված։ Ասենք` ինքնին այդ «կուսակցություններն» էլ ոչ միայն զուրկ են համապատասխան ներուժից, այլեւ տեւական ճգնաժամ են ապրում։ Թե կուզեք իմանալ, նրանք անչափ վախենում են ընտրություններից, առաջնորդները գիտեն սեփական կազմակերպությունների վարկանիշի աղետալի անկման մասին։ Այստեղից էլ՝ ծիծաղելի հայտարարությունները, որոնք ավելի սազական են ծաղրածուներին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին», - գնահատել - եզրակացրել է թերթը։

«Չորրորդ իշխանություն» թերթի փոխանցմամբ՝ թե հատկապես որ կուսակցության մեղքով ձախողվեց ընդդիմադիր ուժերի միավորումը, այլեւս էական չէ, իսկ թե ում ջանքերով ձախողվեց՝ «հասկանալի է. իշխանությունների»։ «Բացատրությունը նույնպես հասկանալի է. 2003 թվականի ընտրություններից իշխանություները լուրջ դասեր էին քաղել», - գրել է թերթն ու բացատրել. - «Բանն այն է, որ 2003-ին ընդդիմությունն այնուամենայնիվ կարողացավ գոնե մասամբ միավորվել, ինչի շնորհիվ էլ հանրահավաքներին մոտ 100 հազար մարդ էր մասնակցում։ Վտանգ կար, որ եթե միավորումը հաջողվեր նաեւ հիմա, նորից հրապարակում 100 հազար մարդ կհավաքվեր, եւ ընդդիմությունը 2003-ի սխալը չէր կրկնի։ Հենց սա էր պատճառը, որ իշխանություններն այն անգամ որոշեցին «էն գլխից» լուծել հարցը եւ միավորում թույլ չտալ»։

«Նրանք պայքարելու են իրար դեմ» վերնագրի տակ «168 ժամ» պարբերականն արձանագրել է. - «Դատելով թեկնածուների կուսակցական բազմազանությունից, այսօր արդեն կարող ենք ասել, որ պայքարը մայիսի 12-ին բավականին հետաքրքիր է լինելու։ Ընտրատարածքների մեծ մասում իշխանություններն իրար դեմ են թեկնածուներ առաջադրում, ընդդիմադիրներն՝ իրար»։

«Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ Սիսիանի տարածաշրջանում բնակարանի սեփականության վկայագիր է նվիրել 32, իսկ Կապանում՝ 25 սպաների», - տեղեկացրել է «Հայք» պարբերականի խմբագրականն ու բացատրել. - «Հասկանալի է, որ այդ ամենը նա արել է ոչ միայն հանուն իր կուսակցության, այլ նաեւ՝ հանուն իր հարազատ եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, որն իր թեկնածությունն է առաջադրել Սյունիքի մարզի 37-րդ ընտրատարածքում»։ «Իհարկե, Սերժ Սարգսյանը առաջիկայում կհայտարարի, որ իր բաժանած սեփականության վկայագրերը ընտրակաշառք չեն, այլ՝ փոխհատուցում հայրենիքին մատուցած նրանց ծառայություններին։ Եվ այդ բնակարանները բաժանելով՝ նա ամենեւին չի ստիպում զինվորականներին ընտրել իր եղբորն ու իր կուսակցությանը։ Բայց հասկանալի է, որ այդ շքեղ նվերներից շոյված մարդիկ, տեսնելով նախարարի քաղաքական կողմնորոշումներն ու գթասրտությունը, կանեն համապատասխան ենթադրություններ», - նկատել է թերթն ու հավելել. - «Այդ ընտրատարածքում է առաջադրվել նաեւ Սամվել Բաբայանը։ Եթե այսպես շարունակվի, ապա Բաբայանն էլ, ի հակակշիռ, կարող է իր հերթին ջիպեր, տանկեր, զրահամեքենաներ ու կործանիչ ինքնաթիռներ նվիրել սյունեցի զինվորականներին»:

Հղում անելով նախագահական նստավայրի իր աղբյուրներին՝ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագրականը տեղեկացել է, թե «հոկտեմբերի 27-ի գործով առաջին դատապարտյալն, ամենայն հավանականությամբ, մինչեւ մարտ ամսվա վերջը կհայտնվի ազատության մեջ»։ «Այս ամիս ՀՀ նախագահի ձեւավորած պայմանական վաղաժամկետ ազատման հարցերի հանձնաժողովը քննելու է հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից մեկի՝ Համլետ Ստեփանյանի պայմանական ազատման հարցը», - գրել է գլխավոր խմբագիրն ու բխեցրել. -«Այնպես որ, հեռու չէ այն օրը, երբ պայմանական վաղաժամկետ կազատվեն նաեւ Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG