Մատչելիության հղումներ

logo-print

Պիտեր Սեմնեբի. «Հայաստանն ու Եվրամիությունը համատեղ պատասխանատվություն են կրում ընտրությունների համար»


«Այս այցի ընթացքում ուշադրությունս հիմնականում կենտրոնացած է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: - «Այս ընտրությունները կարեւոր են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների համար: Եվ քանի որ սա տարածաշրջանում առաջին ընտրությունն է «Նոր հարեւանության» ծրագրի ընդունումից հետո, դրանց նշանակությունը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից: Եվ պետք է ասեմ, որ Հայաստանն ու Եվրամիությունը համատեղ պատասխանատվություն են կրում, որ այս ընտրությունները ծառայեն որպես ամբողջ տարածաշրջանում ժողովրդավարական փոփոխությունների օրինակ»:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանի իշխանություններից ստացե՞լ է ընտրություններն ազատ ու արդար անցկացնելու երաշխիքներ, Սեմնեբին ասաց. - «Ոչ: Որեւէ երաշխիք ես չեմ ստացել: Տպավորությունս, սակայն, այնպիսին է, թե իշխանությունները հասկանում են ընտրությունների կարեւորությունը, եւ ջանքեր կգործադրեն դրանք պատշաճ մակարդակով անցկացնելու համար»:

«Ես չեմ ուզում խոսել պատժամիջոցների մասին, սակայն եթե այս անգամ էլ ընտրությունները չհամապատասխանեն եվրոպական չափանիշներին, դա կնշանակի կորցնել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ ամուր հարաբերություններ կառուցելու հնարավորությունը»:

Սեմնեբին ասաց, որ «ժամանակի սղության պատճառով» այս անգամ Լեռնային Ղարաբաղ չի այցելելու: Նա հավելեց, սակայն, որ Ղարաբաղյան հարցը քննարկել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ:

«Հուսով եմ, որ խաղաղ գործընթացը չի արգելակվի Հայաստանում կայանալիք ընտրությունների պատճառով», - եզրափակեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG