Մատչելիության հղումներ

«Ժառանգություն» կուսակցությունը հաստատել է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում իր համամասնական ցուցակը, որը գլխավորում է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ցուցակի երկրորդ տեղում է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, որին հաջորդում են ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի ասիստենտ Վարդան Խաչատրյանը, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Երեւանի թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտությունների ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը եւ այլոք:

«1991 թվականից ի վեր իր անկախությունը վերագտած Հայաստանը այսօր հայտնվել է բախտորոշ նոր երկընտրանքի առջեւ` կամ դառնալ իր երկրի ազատ ու արժանապատիվ քաղաքացու օրրանը, կամ շարունակելով վերջին տարիների ապօրինություններն ու անարդյունավետ կառավարումը, վերածվել անհեռանկար տարածքի», - ասված է, մասնավորապես, ցուցակում ընդգրկված թեկնածուների ստորագրած հռչակագրում:

«Ժառանգություն» կուսակցության համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները «վճռակամ են հաղթելու խորհրդարանական ընտրություններում եւ հանրապետության այլ ժողովրդավարական ուժերի հետ միասին ձեւավորելու իշխանության միակ աղբյուրի` ժողովրդի վստահությունը վայելող ազգային կառավարություն` արդեն այս տարի հասնելով երկրում համակարգային փոփոխությունների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG