Մատչելիության հղումներ

Պենտագոնը ցանկանում է ռադար տեղադրել Կովկասում


ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ - լեյտենանտ Հենրի Օբերինգը հայտարարել է, որ Պենտագոնը ցանկանում է հակահրթիռային ռադար տեղադրել Կովկասում:

Միաժամանակ, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած ասուլիսի ժամանակ Օբերինգը խուսափել է պատասխանել այն հարցին, թե կովկասյան ո՞ր երկրում է տեղադրվելու ռադարը:

Ամերիկացի գեներալը ասել է միայն, որ դա մաս է կազմելու ավելի խոշոր հակահրթիռային պաշտպանության համակարգի, որը Պենտագոնը ցանկանում է տեղադրել Չեխիայում եւ Լեհաստանում:

Այս ծրագրերը խիստ հակազդեցություն են առաջացրել Մոսկվայում, չնայած, Օբերինգի խոսքերով, դրանք ուղղված չեն Ռուսաստանի դեմ: «Եթե մեր նպատակը լիներ Ռուսաստանի հրթիռներից պաշտպանվելը, ապա մենք հակահրթիռային համակարգը Լեհաստանում չէինք տեղադրի՝ այն անչափ մոտ է Ռուսաստանին», - ընդգծել է նա:

Պաշտոնական Վաշինգտոնը վստահեցնում է, որ ծրագրվող միջոցառումների նպատակն է Իրանի կամ Հյուսիսային Կորեայի նման երկրներից հնարավոր հրթիռային հարձակումներից պաշտպանվելը:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան, իր հերթին, ասել է, թե Եվրամիությունը՝ որպես դաշինք, մտադիր չէ մասնակցել հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալմանը, սակայն անդամ երկրները ազատ են նախագծին միանալու հարցում:

Նա հարցականի տակ է առել հրթիռային հարձակման անմիջական վտանգի առկայությունը Եվրոպայի համար, սակայն միաժամանակ նշել է, որ դա մի հարց է, որին Եվրամիությունը պետք է անդրադառնա ապագայում:

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ Վլադիմիր Միխայլովն էլ հայտարարել է, թե իրեն չեն անհանգստացնում Կովկասում ռադար տեղադրելու՝ ԱՄՆ-ի ծրագրերը, քանի որ Ռուսաստանն ունի հակահրթիռային պաշտպանության սեփական համակարգերը. - «Մենք ունենք անհրաժեշտ ամեն ինչ՝ այդ տեղակայումներին համարժեք արձագանքելու համար»:

«Շատ փող ունեն՝ թող ծախսեն», - «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Միխայլովը:

Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց երկրների եւ Միացյալ Նահանգների միջեւ բանակցություններ չեն ընթանում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղադրման հնարավորության շուրջ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը անհավանական է համարում այս երկրի ընտրությունը՝ Ռուսաստանի հետ նրա սերտ ռազմական կապերի պատճառով:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հայաստանը հիշյալ հարցի առնչությամբ պաշտոնական ծանուցում չի ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG