Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ի Հավաքական անվտանգության պայմանագրի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ԱՄՆ-ին Իրանի դեմ ուժ չկիրառելու զգուշացում է արել:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, հինգշաբթի օրը Բորդյուժան հայտարարել է, թե Միացյալ Նահանգների ռազմական հարվածները չեն կարող կասեցնել Իրանի միջուկային ծրագրերը, այլ է'լ ավելի կապակայունացնեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը:

«Իրանի դեմ հարվածները որեւէ նշանակալի ազդեցություն չեն ունենա նրա միջուկային ծրագրերի վրա», - ասել է Բորդյուժան: - «Հեշտ է հարվածներ հասցնելու հրահանգ տալը, սակայն անչափ դժվար է դրանից հետո խաղաղության հասնելը: Դրա ամենից ակնառու օրինակը Աֆղանստանն է»:

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը եւ վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ քանիցս հերքել են Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու՝ Միացյալ Նահանգների մտադրության մասին լուրերը:

Այնուհանդերձ, ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին անցած շաբաթավերջին հայտարարել էր, որ Իրանի հարցում Միացյալ Նահանգները որեւէ տարբերակ չի բացառում: «Ես եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը արդեն պարզորոշ հասկացրել ենք, որ մենք դիտարկում ենք գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները», - ասել էր Չեյնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG