Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին դավաճանության եւ ծախվածության մեջ սկսել են մեղադրել նրա հարազատ կուսակիցները», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Եթե ՀԺԿ ղեկավարությունը չհասցնի շատ արագ փակել հնաբնակ ՀԺԿ-ական Սմբատ Եղիազարյանի բերանը, ապա Ստեփան Դեմիրճյանին առաջիկայում մեծ տհաճություններ են սպասում»: Թերթի վկայությամբ, Եղիազարյանը պատրաստվում է որոշ հրապարակային բացահայտումներ անել, որոնք սպառնում են Դեմիրճյանի բարի համբավին. - «Բացահայտումները ենթադրվում է, որ կարվեն այսօր կամ վաղը: Եղիազարյանը, ըստ ամենայնի, կփորձի փաստեր ներկայացնել՝ ի հիմնավորումն երեկվա իր այն պնդումների, թե Ստեփան Դեմիրճյանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերից համագործակցել է իշխանությունների հետ՝ խորհրդարանում 5 տոկոս ունենալու համար»: «Այսօր կուսակցությունն իր սկզբունքներին դավաճանել է: Ստեփան Դեմիրճյանը երբեք ինքնուրույնություն չի ունեցել: Կարելի է ասել՝ միշտ ուղղորդված է եղել: Այսօր կուսակցությունը դավաճանել է իր անդամներին», - ըստ թերթի՝ երեկ գրասենյակում բռնկված թեժ կռվից դուրս գալուց հետո հայտարարել է Սմբատ Եղիազարյանը:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ընդդիմության չմիավորվելը երեւի շատերին հիասթափեցրեց: Անկեղծ ասած՝ շատ իզուր: Այդ «չմիավորվելու» արդյունքում քաղաքական դաշտում ըստ էության ոչինչ չփոխվեց: Ավելի ճիշտ՝ չփոխվեց դեպի վատը: Պարզապես հերթական անգամ արձանագրվեց այն իրողությունը, որ Հայաստանում իշխանությունների նպատակն ընտրությունները կեղծելն է, իսկ ընդդիմության նպատակը՝ այդ նույն իշխանությունների մոտ «ընդդիմություն աշխատելը»:

«Իրավունք»-ը տեղեկացնում է, որ մարտի 5-ին Մոսկվա է մեկնելու Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որպես հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ՝ մասնակցելու տվյալ հանձնաժողովի նիստին: «Սա, ըստ էության, սառցաբեկորի երեւացող մասն է, քանի որ մարտի 7-ին Մոսկվայում տեղի է ունենալու Արա Աբրահամյանի գլխավորած Համաշխարհային հայկական կոնգրեսի համաժողովը, որին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի եւ Սերժ Սարգսյանը», - գրում է թերթը՝ փաստելով. - «Համաժողովը որոշում է ընդունելու, թե ում է աջակցելու Հայաստանի համապետական ընտրություններում»:

«Հայքը» պարբերականը փոխանցել է.- «ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ընդդիմադիր ուժերի հետ բանակցելիս ներկայացրել է չորս պահանջ, որոնցից առնվազն երկուսն անընդունելի են յուրաքանչյուր քաղաքական ուժի համար։ Նա պահանջել է, որ ընդդիմադիր դաշինքը կրկին կոչվի «Արդարություն», իսկ համամասնական ցուցակի ուղիղ կեսը զբաղեցնեն ՀԺԿ-ականները։ Իսկ ցուցակը պետք է գլխավորեր հենց ինքը՝ Ստեփան Դեմիրճյանը։ Բացի այդ, նա առաջարկել է ստորագրել մի հուշագիր, որի համաձայն, 2008-ի նախագահական ընտրություններում ընդդիմությունը պետք է պաշտպանի Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը»։

Ընդդիմադիր քաղաքական ուժերի անմիաբանության փաստը մեկնաբանելով` սոցիոլոգ Լյուդիմլա Հարությունյանը «Ազգ» թերթին տված հարցազրույցում ընդգծել է. - «Ես գտնում եմ, որ Հայաստանում վերջին երկու տարում գիտակցաբար արժեզրկվել է ընդդիմությունը: Վերջինս ինքն էլ է օգնել այդ արժեզրկմանը այն ժամանակ, երբ բոյկոտեց ԱԺ-ն, երբ համաձայնեց այն մեղադրանքին, որ ինքը չի աշխատում ԱԺ-ում, երբ համաձայնեց պառակտմանը, չկարողացավ միաբանվել, մի խոսքով` չխանգարեց իր արժեզրկմանը: Ընդդիմության վարկաբեկումը մտել է իշխանության պահպանման խնդրի մեջ: Ժողովուրդն էլ է այսօր օգնում այդ արժեզրկմանը»։

«ՀՀՇ-ական վարչախմբի հայտնի եւ անհայտ դեմքերը տեւական դադարից հետո վերադարձել են հրապարակ եւ, մեղադրողի կեցվածք ընդունած, քննադատում են ոչ միայն օրվա իշխանություններին, այլեւ ընդդիմությանը։ Ձեզ սա զարմանալի չի՞ թվում». պատասխանելով «Հայոց Աշխարհ» թերթի այս հարցին հանրապետական Գագիկ Մինասյանն ասել է. - «ՀՀՇ ներկայացուցիչների պահվածքը բխում է այն իրավիճակից, որի մեջ հայտնվել են։ Իրենց գործունեության արդյունքում նրանք դուրս են մղվել ոչ միայն քաղաքական թատերաբեմից, այլեւ ընդդիմության դաշտից»։ «ՀՀՇ-ին բոլորն են ճանաչում, եւ որեւէ մեկը չի կորցրել հիշողությունը», - պնդել է հանրապետականն ու հավելել. - «ՀՀՇ-ի մոտ կա նոր գաղափարների պակաս եւ վերադառնալու մեծ ցանկություն։ Ի՞նչ է մնում այդ քաղաքական ուժին, եթե ոչ՝ աջուձախ բոլորին քննադատել։ Սա է ՀՀՇ-ի միակ «հաղթաթուղթը», որը սակայն առաջիկա ընտրություններում նրանց դիվիդենտներ չի բերի»։

«Սարոյան եղբայրները» վերնագրի տակ «Ժամանակ-Երեւան» թերթն այսօր գրել է, թե «այս օրերին հետաքրքիր ռեկորդ է սահմանել Աբրահամյանների ընտանիքը»: «Խոսքը Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի ընտանիքի մասին է», - գրել է թերթն ու պարզաբանել. - «Վերջինիս երեք եղբայրներն էլ հայտնվել են տարբեր կուսակցությունների համասնական ցուցակներում։ Մասնավորապես, Արմեն Աբրահամյանը զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակի 25-րդ տեղը։ Գագիկ Աբրհամյանը տեղավորվել է ՀՀԿ-ի ցուցակի 27-րդ տեղում։ Ինչ վերաբերում է երրորդ եղբորը՝ Սերգեյ Աբրահամյանին, ապա վերջինս, շրջանառվող լուրերի համաձայն, փորձելու է պատգամավոր դառնալ ՕԵԿ ցուցակով»։

Իբրեւ պաշտոնյաների հերթական անտրաբանական որոշում որակելով մայրաքաղաքի կենտրոնի Աբովյան 5/1 տան բնակիչների սեփականազրկումը` «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը փաստարկել է. - «Առողջ ուղեղը պարզապես չի կարող ռեստորանի եւ գիշերային ակումբի շահը գերադասել մարդու սեփականության իրավունքին։ Իսկ այս դեպքում տեղի է ունեցել հենց դա։ Կառավարությոնը որոշել է, թե «հանրային գերակա շահը» պարտադրում է, որ այդ տանը ապրող Ղարիբյանների ընտանիքը պետք է զրկվի իր սեփական տնից միայն այն պատճառով, որ ռեստորան եւ գիշերային ակումբ ներառող «Աստաֆյան» համալիրը ընդլայնվելու տեղ ունենա: Երեկ հայտնի դարձավ, որ «Աստաֆյան» ընկերության նախագահ Արսեն Ավագյանը Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակում է։ Սրանով, թերեւս, ամեն ինչ պարզ է դառնում»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG