Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել համամասնական ցուցակը, որով կուսակցությունը մասնակցելու է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի հանրային կապերի համակարգող Բաղդասար Մհերյանը որոշ պարզաբանումներ տվեց 112-հոգանոց ցուցակի վերաբերյալ:

«Ցուցակի առաջին համարը Գագիկ Ծառուկյանն է: Երկրորդ համարը` Արամ Իսաբեկյանը (Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորը), երրորդը` Գոհար Ենոքյանը («Գարուն» արտադրական միավորման հիմնադիր եւ նախագահ)», - ասաց Մհերյանը` շարունակելով. - «Հաջորդում են Իշխան Զաքարյանը (ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ), Վարդան Վարդանյանը (Կապի եւ տրանսպորտի փոխնախարար), Հարություն Քուշկյանը («Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն)... Առաջին տասնյակը եզրափակում է Մխիթար Վարդանյանը` Հայկական կարմիր խաչի նախագահը եւ Միջազգային վերականգնողական կենտրոնի խորհրդի նախագահը»:

«Մեր ցուցակում ընդգրկված է նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Նաիրա Զոհրաբյանը: Նրանից բացի, իբրեւ ճանաչված հեռուստալրագող` Արամ Սաֆարյանը», - հավելեց Մհերյանը:

Նա հաստատեց, որ համամասնական ցուցակում (13-րդ տեղում) ընդգրկվել է նաեւ նախագահ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հայրը` Հայաստանի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ Էռնեստ Սողոմոնյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը թեկնածուներ է առաջադրել նաեւ մեծամասնական ընտրակարգով` 14 ընտրատարածքներում: Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը առաջադրվել է Աբովյանի թիվ 28 ընտրատարածքում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG