Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երրորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքը: Այդ հանգամանքն ինձ, որպես թերթի խմբագրի, չափազանց ուրախացնում է», - գրում է «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը: - «Լրագրողական տեսակետից իդեալական կլիներ, եթե հաջորդ Ազգային ժողովն ընդհանրապես չհավաքվեր: Բայց պարզ է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար խորհրդարան ունենալը պարտադիր պայման է, եւ թղթի վրա մենք պարտավոր ենք գրել, որ ունենք Ազգային ժողով, պատգամավորներ, անց ենք կացրել «ընտրություններ» եւ այլն»:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ «Հայոց Աշխարհ»-ը եզրակացրել է. - «Դատելով ընդդիմության միավորման համար ծավալվող բանակցությունների ձախողման փաստից, արդեն կարելի է միանշանակորեն եզրակացնել, որ մայիսին մեզանում ոչ միայն գունավոր հեղափոխություն, այլեւ անգամ այն ձեռնարկելու լուրջ փորձ չի լինելու»: «Փաստորեն ընդդիմության քաղաքական լուրջ հայտի բացակայությունը եւ դրանով պայմանավորված իշխանություն-ընդդիմություն երկբեւեռ դիմակայության մոդելի փոխարինումը «յուրաքանչյուրն իր համար» սկզբունքով, հանգեցնում է նրան, որ սպասվում են «գիգանտների մրցամարտեր» միաժամանակ երկու՝ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով», - գրել է մեկնաբանն ու եզրակացրել. - «Ընդդիմությունը (ավելի ճիշտ` այն ուժերը), որ դեռեւս կարծում է, թե շարունակում է մնալ իշխանության այլընտրանք, ոչ միայն չի կարողանալու լրջորեն ազդել այս մրցակցության վրա, այլեւ հայտնվելու է ընդամենը դիտորդի դերում»։

«Տապալվեց, վերջացավ» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ն այսօր գրել է. - «Երեկ երկրորդ գումարման Ազգային ժողովը, ըստ էության, ավարտեց իր առաքելությունը։ Քվորում չլինելու պատճառով հերթական նիստը տեղին չունեցավ։ Պատգամավորներն արդեն զբաղված են ընտրական հարցերով, ու գործի գալու «զահլա չունեն»։

«Ազգ» թերթի մեկնաբանը արձանագրել է, որ «ընթերցման երեք ռեժիմներում գտնվող եւ քննարկված ու չքվեարկված մի շարք օրինագծեր շարունակում են խորհրդարանի օրակարգում մնալ». - «Օրակարգում մնացածների շարքում են «Պետական օրհներգի մասին», «Կուսակցությունների մասին» օրինագծերը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2005 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը»: «ԱԺ փոխնախագահի աթոռն էլ թափուր մնաց՝ ընտրությունը չկատարվեց», - հավելել է մեկնաբանը:

«Լրագրողական տեսակետից իդեալական կլիներ, եթե հաջորդ Ազգային ժողովն ընդհանրապես չհավաքվեր», - նույն թեմային անդրադառնալով` գրել է այսօր «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն ու բխեցրել. - «Պարզ է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար խորհրդարան ունենալը պարտադիր պայման է, եւ թղթի վրա մենք պարտավոր ենք գրել, որ ունենք Ազգային ժողով, պատգամավորներ, անց ենք կացրել «ընտրություններ»: Մինչդեռ, ըստ գլխավոր խմբագրի, 1995-ից սկսած «իշխանների համառ եւ հետեւողական ջանքերով խորհրդարանը իբրեւ պետական ինստիտուտ զրոյացվել է, ոչնչացվել». - «Եվ քննարկել, թե ինչպիսի՝ ազգօգու՞տ, թե՞ ազգավնաս օրենքներ է ընդունել երրորդ գումարման Ազգային ժողովը, բացարձակապես անիմաստ է»։

«Գաղտնի հարցումներ՝ անսպասելի արդյունքներով» վերնագրի տակ «168 ժամ» թերթն այսօր փոխանցել է, թե «իշխանությունները ներքին օգտագործման սոցհարցում են պատվիրել, ձեռքի հետ էլ պատվիրել նաեւ ճշտել, թե ընդդիմադիր կուսակցություներից որն ինչ հնարավորություններ ունի»։ «Պատկերը ՄԱԿ-ի, ինչպես նաեւ մի շարք այլ կուսակցությունների համար տխուր է եղել, ուստի, Ռոբերտ Քոչարյանը փոշմանել է, որ դեկտեմբերի 15-ի հայտնի հարցազրույցում հնչեցրել է նաեւ ՄԱԿ-ի անունը», - գրել է թերթն ու մանրամասնել. - «Սոցհարցման տվյալներով, ՄԱԿ-ն իր ռեյտինգով զիջել է անգամ նորաստեղծ «Դաշինք» կուսակցությանը։ ՄԱԿ-ի փոխարեն հասարակությունը բոլորովին այլ կուսակցություն է ցանկանում տեսնել Ազգային ժողովում։ Խոսքը, որքան էլ տարօրինակ է, Ժողովրդական կուսակցության մասին է, որի ռեյտինգն այսօր հավասար է «Ազգային միաբանություն» կուսակցության ռեյտինգին»։ Սոցհարցման տվյալները, ըստ թերթի աղբյուրների, ստիպել են իշխանություններին վերանայել իրենց ապագա դաշնակից կուսակցությունների ցանկը, մասնավորապես, ՄԱԿ-ի մասով։ «Հենց դա էր պատճառը, որ վերջին օրերին ՕԵԿ-ից մի քանի պատգամավորներ մտան Տիգրան Կարապետովիչի կուսակցության համամասնական ցուցակը, որովհետեւ ՕԵԿ-ի ցուցանիշներին էլ հուսադրող չեն եղել», - հավելել է թերթը։

«Ժամանակ Երեւան» թերթի փոխանցմամբ, Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանապետ Հովիկ Թամամյանի պաշտոնանկությունը թեպետ բազմաթիվ վերլուծությունների առարկա դարձավ, իբրեւ՝ Թամամյանին հեռացրել են զբաղեցրած պաշտոնից, քանի որ հակադրվել է իր ղեկավարներին, չի կատարել նրանց կամքը։ «Իրականում», - գրում է թերթը, - «իշխանության պատվերները կատարելու գործում Հովիկ Թամամյանին հավասարը չկա, նա հայտնի է որպես միտինգները ցրելու, միտինգավորների ծեծ ու ջարդի լավ վարպետ, ուստի նրա նման «պրոֆեսիոնալին» չէին կարող անգործ թողնել, նա օրերս նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի՝ Հայկ Միլիտոնյանի տեղակալ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG