Մատչելիության հղումներ

Այսօր երեկոյան կայանալիք Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) վարչության նիստում կհաստատվի համամասնական ցուցակը, որով կուսակցությունը կգնա մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին:

ՀՀԿ-ին մոտ կանգնած անանուն աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ցուցակում «մեծ անակնկալներ չեն սպասվում»:

Ըստ աղբյուրի, ցուցակը գլխավորում են վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Երրորդ տեղում Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն է, չորրորդը` «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար, ՀՀԿ-ին վերջերս անդամակցած Կարեն Կարապետյանը: Նրան հետեւում է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը:

Առաջին տասնյակում, ՀՀԿ-ի այլ ղեկավար անդամների շարքում, ընդգրկված է նաեւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Երկրորդ տասնյակում են մի շարք նախարարներ. Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ով վերջերս է անդամագրվել ՀՀԿ-ին, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը:

Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, թեեւ «Համերաշխություն» կուսակցության նախագահն է, բայց ընտրություններին կմասնակցի ՀՀԿ-ի համամասնական ցուցակով: «Օրինաց երկիր»-ի նախկին անդամ, քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը նույնպես ընդգրկվել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG