Մատչելիության հղումներ

Economist Intelligence Unit. «Հիմնական մրցապայքարը կընթանա ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ»


«Խորհրդարանի ընտրություններում հիմնական մրցապայքարը կընթանա Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ. այս երկու կուսակցությունները միասին հավանաբար ամենաշատ տեղերը կշահեն խորհրդարանում, եւ դա նրանց հնարավորություն կտա կոալիցիոն կառավարություն կազմել որեւէ փոքր կուսակցության հետ, որը կարող է լինել Դաշնակցությունը», - ասված է Economist Intelligence Unit-ի զեկույցում:

Զեկույցի հեղինակները մասնավորեցնել են հնարավոր մի քանի սցենար: Ամենահավանականը, ըստ նրանց, հետեւյալն է. - «Այս երկու կուսակցությունները՝ Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստան»-ը, կարող են փորձել մինչեւ քվեարկությունը անդրկուլիսային համաձայնության գալ որոշ ընտրատարածքներում միմյանց դեմ դուրս չգալու մասին՝ դրանով առավելապես մեծացնելով խորհրդարանում տեղեր շահելու իրենցից յուրաքանչյուրի հնարավորությունը: Այս սցենարի մեջ է տեղավորվում քվեարկությունից հետո արդյունքը բաժանելու համաձայնությունը: Այսպես, քանի որ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնում մեկ անգամ եւս անընդմեջ առաջադրվելու իրավունք չունի, եւ քանի որ Հանրապետական Սերժ Սարգսյանը միշտ դիտվել է որպես նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակնհայտ հետնորդ, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի պաշտոնները կվերապահվեն «Բարգավաճ Հայաստան»-ին»:

Economist Intelligence Unit-ը առաջարկում է նաեւ այլընտրանքային սցենար. - «Բարգավաճ Հայաստան»-ը զգում է, որ խորհրդարանում տեղեր ստանալու համար բավարար աջակցություն ունի եւ որոշում է ավելի բաց մրցակցել Հանրապետականի հետ: Ազատ ու արդար ընտրությունների հեռանկարները, որոնք արդեն իսկ մեծ չեն, ավելի կփոքրանան այս սցենարով, քանի որ Հանրապետականի հետ կապված քաղաքական վերնախավը հնարավոր ամեն ինչ կանի իր շահերը պաշտպանելու համար: Բոլոր դեպքերում, ընտրություններից հետո երկու կուսակցությունները հավանաբար համաձայնության կգան կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ»:

««Բարգավաճ Հայաստան»-ի ու Հանրապետականի բարեկամական գործելակերպը խորհրդարանի ընտրություններում ոչ միայն որոշելու է, թե որ կուսակցությունն է գերակշռելու հաջորդ կառավարության կազմում, այլեւ ձեւավորելու է 2008-ի նախագահի ընտրությունների թեկնածուների շարքը: Ռոբերտ Քոչարյանը չի կարող առաջադրվել՝ դաշտը բացվում է Սերժ Սարգսյանի համար: Չնայած անցած տարվա ընթացքում «Բարգավաճ Հայաստան»-ին աջակցության արագ աճը պակաս որոշակի է դարձրել Սերժ Սարգսյանի հաղթանակը: Լավ կդրսեւորի իրեն խորհրդարանի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան»-ը՝ ուժեղ դիրքերում կլինի Գագիկ Ծառուկյանին կամ քաղաքական աստիճանակարգից այլ մեկին նախագահի թեկնածու առաջադրելու: Մեկ գործոն էլ կա, որը բարդացնում է պատկերը. նախագահ Քոչարյանի հայտարարությունն է` քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունենալու մասին: Հնարավոր տարբերակներից մեկը՝ Սերժ Սարգսյան նախագահը վարչապետ է նշանակում Ռոբերտ Քոչարյանին: Իսկ եթե ճշմարիտ է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ստեղծվել է որպես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարան, սա կարող է նախապայման լինել՝ Սերժ Սարգսյանին նախագահի ընտրություններում աջակցելու համար», - գրում է Economist Intelligence Unit-ը:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա` «անցած ամբողջ տարվա ընթացքում այն ներքաշված էր ընտրական հնարավոր դաշինքների շուրջ քննարկումների մեջ, բայց մինչեւ օրս՝ ոչ մի հաջողություն». - «Առանց նման դաշինքի, նրանց ընտրական հեռանկարները շատ մռայլ են թվում, քանի որ հանրության շրջանում նրանք առանձին-առանձին մեծ աջակցություն չեն վայելում»:

«Թե ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, թե «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, թե «Օրինաց երկիր»-ը ընտրություններին միայնակ գնալու պատրաստակամությունը հաստատել են: Ընդդիմության մեջ հավանաբար «Օրինաց երկիր»-ն է, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններում տեղեր շահելու լավագույն դիրքերում է», - ասում են Economist Intelligence Unit-ի մեկնաբանները՝ հավելելով. - «Չնայած կուսակցությունն անկասկած ունի հանրության որոշակի աջակցություն, բայց 2003-ի նրա աջակիցների համար հիասթափեցնող հանգամանք է երեք տարի հեղինակություն չվայելող կառավարությունում լինելը: Չնայած, իշխանությունից նրա դուրս գալն էլ հակակոռուպցիոն տրամադրվածներին կարող է դուր գալ»:

«Արեւմտյան կառավարություններն ակնդետ հետեւելու են ընտրություններին՝ հատկապես աչքի առջեւ ունենալով Հայաստանի վերջին ընտրությունների փորձը. նրանցից որեւէ մեկը միջազգային դիտորդներն ազատ ու արդար չեն գնահատել», - գրում են զեկույցի հեղինակները: - «Իսկ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը երկուսն էլ ակնհայտորեն հասկացրել են, որ ֆինանսական աջակցության իրենց ծրագրերի շարունակելիությունը կախված է ընտրությունների որակից: Հայաստանի կառավարությունը բազմիցս խոստացել է, որ ազատ ու արդար են լինելու ընտրությունները, բայց հատկապես ընդդիմադիրները խիստ կասկածում են»:

«Փաստը, որ ԵԱՀԿ-ի երկու պաշտոնյաները վերջին ամիսներին Հայաստան կատարած այցի ընթացքում այդպես էլ չկարողացան հանդիպել Ռոբերտ Քոչանրյանի հետ, ընդդիմության անհանգստությունն ավելի ծրանրակշիռ է դարձնում», - ասված է Economist Intelligence Unit-ի զեկույցում:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG