Մատչելիության հղումներ

Ամերիկացիները հոռետես են աշխարհում ԱՄՆ-ի դերի հարցում


Ամերիկացիները հոռետես են աշխարհում ԱՄՆ-ի ունեցած դերի հարցում, եւ հինգ ամերիկացիներից միայն մեկն է կարծում, թե աշխարհի առաջնորդները հաշվի են նստում նախագահ Բուշի հետ: Gallup-ի ամենամյա հարցումն անցկացվել է այս ամսվա սկզբին, եւ նախորդների համեմատ աճել է վերը նշված հոռետեսների թիվը:

Երկրի արտաքին դերով բավարարված լինելու ցուցանիշը՝ վերջին տասնամյակում կայուն նվազման միտումով, այժմ հասել է ամենացածր մակարդակին. այդպես ամերիկացիները մտածում էին մեկ էլ 1962 թվականին:

Ամեն դեպքում, ամերիկացիները շարունակում են կարծել, որ Միացյալ Նահանգները պետք է աշխարհի գործերում գլխավոր դերն ունենա, եւ հանրությունը դեռեւս հավատում է, որ ԱՄՆ-ը աշխարհի թիվ մեկ ռազմական տերությունն է:

Այժմ միայն 37 տոկոսն է գոհ աշխարհում ԱՄՆ-ի ունեցած դիրքից, մինչդեռ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը հաջորդած ամիսներին այդ թիվը 71 տոկոս էր, իսկ 2003-ին, Իրաքի պատերազմին անմիջապես հաջորդող ժամանակաշրջանում՝ 69 տոկոսը:

«ԱՄՆ-ը աշխարհի գործերում առաջատա՞ր դեր պետք է ունենա, գլխավո՞ր, փո՞քր, թե՞ ոչ մի դեր չպետք է ունենա», - այս հարցին 15 տոկոսը պատասխանել է՝ «առաջատար», 58 տոկոսը՝ «գլխավոր» դեր: Հարցվածների ընդամենը 4 տոկոսն է կարծում, որ իր երկիրը աշխարհի գործերին չպետք է խառնվի:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG