Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Ադրբեջանցի գաղթականների վերադարձը Ղարաբաղ անհնար է իրականացնել միանգամից»


«Ադրբեջանցի գաղթականների վերադարձը Ղարաբաղ պետք է նախապատրաստել, եւ այդ գործընթացը անհնար է իրականացնել միանգամից. համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը գաղթականների վերադարձը ոչ մի լավ բանի չի բերի», - հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Ադրբեջանական APA գործակալության հարցազրույցում մեկնաբանելով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Նիզամի Բահմանովի հայտարարությունը, ըստ որի, «Մերզլյակովն ասում է, թե անհնար է ադրբեջանցի եւ հայ համայնքների համակեցությունը», ռուսաստանցի համանախագահը հիշեցրել է Բալկանների փորձը՝ ծանր հետեւանքներով:

Դիվանագետի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում նույնպիսի քայլեր ձեռնարկելը կարող է հանգեցնել է'լ ավելի ողբերգական իրադարձությունների. - «Սակայն դա համանախագահներից ոչ մեկը չի ուզում, կարծում եմ՝ կողմերը եւս չպետք է ուզեն»:

Ռուսաստանցի համանախագահը ասել է, թե գաղթականների վերադարձի սկզբունքը տեղ է գտնելու խաղաղ համաձայնագրում, սակայն դրա իրականացման համար նախապատրաստական մեծ աշխատանք պետք է կատարվի:

Ադրբեջանական ANS CM ռադիոկայանի վկայությամբ, Յուրի Մերզլյակովը կարծիք է հայտնել նաեւ, որ «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»:

Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումները սոսկ հանձնարարականի բնույթ ունեն. - «Եթե ՄԱԿ-ի որոշումները պարտադիր բնույթ ունենային, ապա շատ հիմնախնդիրներ, այդ թվում՝ մերձավորարեւելյան խնդիրը, արդեն լուծված կլինեին»:

Մերզլյակովի խոսքերով, ՄԱԿ-ի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը մի կողմ կթողներ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:

Երեկ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գարնանային նստաշրջանում նախատեսվում է ՎՈՒԱՄ-ի ներկայացրած՝ հետխորհրդային տարածքում «սառեցված» հակամարտությունների հարցի քննարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG