Մատչելիության հղումներ

Էստոնիայում կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, եւ ընտրողների մոտ 6 տոկոսը արդեն իսկ քվեարկել է Ինտերնետով:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Էստոնիայում շատ զարգացած է, երկրի բնակիչներից շատերը Ինտերնետը օգտագործում են հարկերը, բնակարանի, կոմունալ ծառայությունների վարձերը վճարելու համար: Ինտերնետը հասանելի է քաղաքներում, գյուղերում, արդեն վաղուց կառավարության նիստերն անցկացվում են առանց թղթատարության` համակարգիչներով:

Էստոնիայի ընտրական ազգային կոմիտեի անդամ Էրր Մատտենի խոսքերով, երկրում քվեարկությանը մասնակցությունը բարձր չէ, մյուս կողմից՝ էստոնիայում իրենց առօրյա կյանքում մարդիկ ամբողջովին օգտագործում են Ինտերնետը, եւ, հետեւաբար, հարց է ծագում. - «Ինչո՞ւ մենք չենք կարող քվեարկել Ինտերնետով, եթե մենք Ինտերնետով շատ ուրիշ ծառայություններ ունենք»:

«Մեր խորհրդարանը որոշեց, որ դա հնարավոր է, եւ մենք գնում ենք դրան», - ասել է Էրր Մատտենը:

Քվեարկության այս եղանակը առաջին անգամ փորձարկվել է 2005 թվականի տեղական ընտրությունների ժամանակ եւ արժանացել է Եվրոպայի խորհրդի հավանությանը: Այս շաբաթ այն կկիրառվի նաեւ համապետական ընտրություններում:

Էստոնիայի յուրաքանչյուր քաղաքացի ունի անհատական քարտ: Քվեարկելու համար անհրաժեշտ է միայն մուտքագրել քարտը, հավաքել անհատական համարը: Հնարավոր է քվեարկել ոչ միայն տանը, այլեւ աշխատավայրում, հանրային գրադարաններում՝ ամենուրեք, որտեղ ինտերնետային կապ կա:

Քվեարկել հնարավոր է նաեւ «ավանդական» եղանակով՝ ընտրական տեղամասերում, որոնք բացվելու են մարտի 4-ին:

Էրր Մատտենի խոսքերով, Ինտերնետով քվեարկելը ավելի նախընտրելի է, հատկապես՝ ընտրական տեղամասերից հեռու ապրողների համար: Ըստ նրա, 2005-ին ընտրությունների արդյունքներն ամփոփելիս նկատելի էր, որ շատերն են Ինտերնետով քվեարկել, որովհետեւ դա շատ ավելի հարմար էր, քան գնալ ընտրական տեղամասեր, ասենք՝ կղզիների բնակիչների համար: Ամենաշատը Ինտերնետով քվեարկել էին մայրաքաղաք Տալլինում, բայց երկրի մյուս շրջաններում եւս դա կիրառվել էր:

Այնուհանդերձ, ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, ինտերնետային քվեարկությունը մեկ թերություն ունի. հնարավոր չէ պարզել՝ ընտրական որ հանձնաժողովում է քվեարկել ընտրողը, ինչի պատճառով արդյունքները կարող են ճշգրիտ չլինել:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG