Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է մարդու իրավունքների ոտնահարումները Թուրքիայում


Անցյալ տարվա ընթացքում Թուրքիայում 513 մարդ դատարանի առջեւ է կանգնել եւ 226-ը դատապարտվել է այնպիսի գործերով, որոնցում, ըստ երկրում գործող «Մարդու իրավունքների ընկերակցություն» իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, առկա է մտքի, խոսքի եւ խղճի ազատության ոտնահարում:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, զեկույցում խստիվ քննադատվում են Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները եւ մտավորականների հետապնդումները, ինչը այդ երկրի քաղաքական օրակարգի ամենացավոտ խնդիրն է դարձել այս տարվա հունվարի 19-ին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո:

Մարդու իրավունքների ընկերակցությունը նշում է մարդու իրավունքների խախտումների թվի աճը, այդ թվում՝ ձերբակալությունները ցույցերի ժամանակ, ոչ կառավարական կազմակերպություններում ոստիկանության կողմից իրականացվող խուզարկությունները, հրատարակությունների արգելումը:

Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է նաեւ, որ չնայած խոշտանգումները վերացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու՝ թուրքական կառավարության հավաստիացումներին, 2006 թվականին այդ բնագավառում որեւէ լուրջ տեղաշարժ չի արձանագրվել. 2005 թվականին գրանցվել է խոշտանգումների 825 դեպք, իսկ անցյալ տարի՝ 708:

«Այս թիվը ցույց է տալիս, որ խոշտանգումները վերացնելու իրական ջանքեր չկան», - հայտարարել է Մարդու իրավունքների ընկերակցության նախագահ Յուսուֆ Ալաթասը եւ շեշտել. - «Եթե շուրջ 700 դեպք է արձանագրվում մի երկրում, որի կառավարությունը խոստացել է լիակատար անհանդուրժողականություն խոշտանգումների նկատմամբ, ապա ինչ-որ բան այն չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG